ԱՄՆ-ն դատապարտում է Նավալնիի երկրորդ դատավճիռը

Մարտի 22-ին ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դատապարտվեց ինը տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։

Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը դատապարտել է «քաղաքական դրդապատճառներով դատավարությունը և լրացուցիչ շինծու մեղադրանքներով Նավալնիի նկատմամբ կայացրած դատավճիռը»։ Միացյալ Նահանգները բազմիցս հորդորել է Ռուսաստանի Դաշնությանն անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին և դադարեցնել արշավն ընդդեմ նրա գլխավորած կազմակերպությունների և նրա համախոհների։ Չափազանց խիստ դատավճիռը Կրեմլի երկարամյա հարձակման շարունակությունն է կառավարության աշխատանքի թափանցիկության և հաշվետվողականության համար պայքարող Նավալնիի և նրա շարժման դեմ։

2020 թվականին Նավալնին կարող էր կորցնել կյանքը ռուսական անվտանգության ծառայությունների կողմից «Նովիչոկ» տեսակի նյարդակաթվածահարիչ նյութով թունավորման հետևանքով։ Գերմանիայում բուժում ստանալուց հետո 2021 թվականի հունվարին նա վերադարձավ Ռուսաստան, որտեղ նրան անմիջապես ձերբակալեցին և բանտարկեցին։ Նավալնին շարունակում է հանդես գալ Կրեմլի կողմից Ռուսաստանում խոսքի ազատության ճնշման, ինչպես նաև ռուսաստանցիների՝ տեղեկատվություն ստանալու և միմյանց ու արտաքին աշխարհի հետ ազատ հաղորդակցվելու հնարավորության սահմանափակումների խստացման դեմ։

Այս արշավն ակտիվացել է, քանի որ Կրեմլը փորձում է սեփական ժողովրդից թաքցնել Ուկրաինայի դեմ վարած դաժան պատերազմի մասին ճշմարտությունը։ Փետրվարի 24-ից ի վեր Ռուստաստանի ավելի քան 15,000 քաղաքացի բերման է ենթարկվել հակապատերազմական ցույցերին մասնակցելու համար։ Ռոսկոմնադզորն արգելափակել է անկախ լրատվական գործակալությունների մեծ մասի աշխատանքը և սոցիալական ցանցերի մի շարք հարթակների հասանելիությունը, ինչպես նաև լրագրողներին և քաղաքացիներին սպառնացել է ազատազրկմամբ, եթե նրանք համարձակվեն բացահայտ քննարկել Ուկրաինայի դեմ պատերազմը։

Թվիթերում հրապարակած իր հաղորդագրության մեջ Նավալնին երախտագիտություն է հայտնել իր կողմնակիցներին՝ շեշտելով. «Ինձ և մյուս քաղբանտարկյալների համար լավագույն աջակցությունը ոչ թե կարեկցանքն ու բարի խոսքերն են, այլ գործողությունները՝ ցանկացած գործողություն ընդդեմ պուտինյան խաբեբա և ավազակային ռեժիմի։ Ցանկացած տեսակի դիմակայում այդ պատերազմական հանցագործներին»։

Ինչպես նշել է Պետքարտուղարության մամուլի խոսնակ Փրայսը, «Նավալնիի գործը, ցավոք, այն բազմաթիվ դեպքերից մեկն է, որոնք Կրեմլը շարունակում է լկտիաբար վարել՝ համակարգված կերպով անտեսելով ռուս ժողովրդի սահմանադրական իրավունքները, ինչպես նաև մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգելու և ապահովելու հարցում իր միջազգային պարտավորությունները»։

«Այժմ, առավել քան երբևէ Ռուսաստանի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա լսել քաջության և ազնվության ձայներ, որոնք պատմում են երկրի ներսում և դրսում Կրեմլի ապօրինությունների մասին ճշմարտությունը», հայտարարել է Փրայսը։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։