Ինչո՞ւ է կարևոր բարենպաստ միջավայր ստեղծել երեխաների աճի համար

Երեխայի հետ մի կին քվեարկում է Մպոնեգելեի տարրական դպրոցում Հարավային Աֆրիկայի ընտրությունների ժամանակ Սեշեգոյում, Լիմպոպո նահանգ, Հարավային Աֆրիկա, մայիսի 29, 2024թ.

Միջազգային զարգացման նախաձեռնությունների ամենից արդյունավետը, թերևս, երեխաներին ուղղված ջանքերն են։

«Եթե ցանկանում ենք, որ զարգացմանն ուղղված մեր մյուս ջանքերը հաջողությամբ պսակվեն, կարևոր է սկսել ամենավաղ տարիներից»,- ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ղեկավարի օգնականի տեղակալ Բամա Աթրեյան։

Կարևոր նախադրյալ է, քանի որ մանկության ժամանակ անբարենպաստ պայմաններում հայտնվածները կարող են ողջ կյանքում բախվել խնդիրների։

«Կյանքի առաջին երեք տարիները կարևոր ժամանակաշրջան է, երբ տեղի է ունենում ուղեղի հիմնական զարգացումը, և կան պահեր, երբ երեխաները շուրջօրյա խնամքի կարիք ունեն»,- ասել է Բամա Աթրեյան։

«Եթե երբևէ հոգ եք տարել երեխայի մասին, ապա գիտեք, թե ինչ անհավանական ուշադրության կարիք ունեն փոքրիկները զարգանալու համար։ Ուստի, ցանկանում ենք ապահովել նրանց համար բարգավաճման լավագույն միջավայրը»։

Ահա, այս նպատակին է միտված ԱՄՆ կառավարության նոր հնգամյա ծրագիրը՝ «Երեխաների բարգավաճման ռազմավարությունը»։

ԱՄՆ ՄԶԳ-ն, որն առաջնորդում է այս նախաձեռնությունը, աջակցում է համայնքային մակարդակում իրականացվող մի շարք միջոցառումների, որոնք ուղղված են վաղ տարիքում զարգացմանը։ «Օրինակ, համագործակցում ենք Հարավային Աֆրիկայում բիզնեսի աջակցման ծրագրի հետ, որի ներդրումներն ուղղված են կանանց ձեռներեցության խթանմանը»,- նշել է Բամա Աթրեյան։

«Կին ձեռներեցները բացում են երեխաների խնամքի կենտրոններ։ … Հարավային Աֆրիկայում գործող այս կենտրոններն օգնում են ձեռնարկատերերին բարելավել փոքրիկներին ուղղված կրթական ծառայությունների որակը։ Կանայք, որոնք նախկինում փորձ չեն ունեցել վաղ տարիքի երեխաների զարգացման ոլորտում, սովորում են կազմակերպել երեխաների առօրյան, որը ներառում է խաղեր և հանգիստ, ինչպես նաև տարիքին համապատասխան զբաղմունքներ, որոնք առավելագույն [լավ պայմաններ են ստեղծում] են նրանց հետագա զարգացման համար»։

Բամա Աթրեյայի խոսքով՝ «Վաղ տարիքի զարգացման ամուր հիմքեր ստեղծելուն ուղղված ԱՄՆ ՄԶԳ-ի ներդրումների մեկ այլ օրինակ է վերջերս հայտարարված մեր գործընկերությունը՝ հանուն կապարից զերծ ապագայի»։

«Աշխարհում յուրաքանչյուր երրորդ երեխան տառապում է կապարի ազդեցությունից։ Դա հիմնականում տեղի է ունենում վաղ մանկության շրջանում՝ ազդեցություն թողելով երեխաների զարգացման վրա ողջ կյանքում։ Վաղ մանկության տարիներին երեխայի շրջակա միջավայրից հեռացնելով կապարը և այլ թունավոր նյութեր՝ հնարավորություն ենք ստեղծում նրանց հետագա բարգավաճման համար»։

«Կոնկրետ քայլեր նախաձեռնելով՝ ցանկանում ենք ցույց տալ, որ մեր երեխաների և մեր համայնքների համար այդ խնդիրների լուծումը նույնքան կարևորում ենք, որքան գործընկեր կառավարությունների և այլ կազմակերպությունների հետ մեր ջանքերը՝ ողջ աշխարհում ապահովել երեխաների անվտանգությունը»,- ասել է ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի օգնականի տեղակալ Բամա Աթրեյան։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։