Ի՞նչ է հարկավոր խաղաղության համար

(FILE) Ambassador Linda Thomas-Greenfield speaking at the UN Security Council

Խաղաղության հասնելու համար բոլոր մարդիկ պետք է հավասարապես օգտվեն զարգացման բարիքներից։

Կայուն խաղաղության կառուցումը պահանջում է բազմաթիվ ոլորտների ներդաշնակեցում՝ ներառյալ տնտեսական զարգացումը, կյանքի որակը, մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, կառավարության նկատմամբ վստահությունը և բռնության մերժումը՝ որպես նպատակին հասնելու միջոց։

«Երբ որևէ երկրում բոլոր մարդիկ չեն կարողանում հավասարապես օգտվել զարգացման բարիքներից կամ չեն կարողանում իրացնել մարդու հիմնարար իրենց իրավունքները, բռնի հակամարտության վտանգը մեծանում է», հայտարարել Է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։ «Անհրաժեշտ է նախաձեռնողականություն ցուցաբերել, քանի որ մենք ականատես ենք եղել, թե որքան դժվար է քայլեր ձեռնարկել հակամարտությունը սկսվելուց հետո։ Օրինակ, գլոբալ պարենային անապահովության խնդրի համատեքստում մենք գիտենք, որ հակամարտությունները սովի

թիվ մեկ պատճառն են։ Բայց նաև գիտենք, որ սովը հակամարտությունների շարժիչ ուժն է։ Մեր խնդիրն է՝ կոտրել այդ արատավոր շրջանը»։

«Մենք հպարտ ենք, որ 2022 թվականին Միացյալ Նահանգները ապահովել է Պարենի համաշխարհային ծրագրի բյուջեի կեսից ավելին։ Սակայն ներկայիս սովի խնդրին զուտ արձագանքելուց բացի, մենք պետք է աշխատենք միացյալ ուժերով՝ ապագայում խնդիրը կանխելու համար, լինի դա օգնություն կլիմայական պայմաններին համապատասխան մշակաբույսերի և գյուղատնտեսական գործելակերպերի մշակման գործում, թե օգնություն ընտանեկան ֆերմերներին՝ հողին, գիտելիքներին և ֆինանսական աջակցությանը հավասար հասանելիության ապահովման հարցում»։

Ինչպես նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, զարգացող երկրները բախվում են «ճգնաժամերի կատարյալ փոթորկի», այդ թվում՝ ահռելի պարտքերը, պետական ֆինանսների և միջոցների բաշխման ընտրության հնարավորության սահմանափակումները, ինչպես նաև սրընթաց գնաճը։

«Քանի որ աշխարհի խոշորագույն տնտեսությունները մոբիլիզացնում են ֆինանսավորումը զարգացման նպատակների համար, չափազանց կարևոր է, որ մենք … կանխենք, այլ ոչ թե նպաստենք պարտքի անընդունելի աճին և նույնիսկ պարտքի պատճառով ճգնաժամերի առաջացմանը», ասել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը։

«Միացյալ Նահանգները գործում է լայն կոալիցիայի շրջանակում՝ զարգացնելու բազմաճյուղ զարգացման բանկերը և հարյուր միլիարդավոր դոլարների չափով ընդլայնելու անվտանգ, կայուն ֆինանսավորման հասանելիությունը, հատկապես՝ ամենաաղքատ երկրների համար»։

«Մենք պետք է բացահայտենք անկայունությունը, այն վայրերը, որտեղ զարգացման և հիմնարար ազատությունների բացակայությունը մեծացնում է հակամարտության վտանգը», նշել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը։

«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակը նշելով՝ մենք պետք է համոզվենք, որ կայուն զարգացումը հիմնված է այս հիմնարար փաստաթղթի սկզբունքների վրա։ Մի փաստաթուղթ, որին բոլորս կողմ ենք և որը պետք է ջանանք

իրականություն դարձնել յուրաքանչյուր անհատի համար, որպեսզի վերջապես կարողանանք իրականացնել առանց հակամարտությունների աշխարհի տեսլականը։ Դրանից է կախված մեր երեխաների և թոռների ապագան»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։