«Ռուսաստանի կանխամտածված, չհրահրված և չարդարացված հարձակմանը մեր արձագանքի կարևոր մաս են կազմում Ուկրաինայի հրատապ մարդասիրական կարիքները հոգալուն ուղղված ջանքերը»։
Մտահոգված ուկրաինացիների բարեկեցությամբ՝ Միացյալ Նահանգները հայտարարել է ռուսական ներխուժումից տուժածներին մոտ 54 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն հատկացնելու մասին։ Այս ֆինանսավորումը ներառում է գրեթե 26 միլիոն դոլար Պետքարտուղարության և 28 միլիոն դոլար ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից։
Միացյալ Նահանգները Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրող ամենախոշոր դոնորներից մեկն է։ Այն ժամանակից ի վեր, երբ ութ տարի առաջ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, առ այսօր խոցելի համայնքներին ցուցաբերած մարդասիրական օգնությունը կազմել է շուրջ 405 միլիոն դոլար։ «Մարդասիրական աջակցության այս վերջին հատկացումը կտրամադրվի անկախ մարդասիրական կազմակերպությունների միջոցով, որոնք կարիքահեն օգնություն են ցուցաբերում անկողմնակալ, մարդասիրական, չեզոք և անկախ ձևով», ասել է պետքարտուղար Բլինքենը։
Այս օգնությունը միջազգային մարդասիրական կազմակերպություններին հնարավորություն կընձեռի ապահովել Ուկրաինայի բնակչությանը սննդով, խմելու ջրով, կացարանով, անհետաձգելի բուժօգնությամբ, օգնել նրանց նախապատրաստվել ձմեռման և տրամադրել պաշտպանություն։ ԱՄՆ-ի աջակցությունը մարդասիրական կազմակերպություններին նաև հնարավորություն կընձեռի պահպանել հակամարտության պատճառով բաժանված ընտանիքների անդամների միջև կապը՝ նրանց վերամիավորման ակնկալիքով։
Միացյալ Նահանգները բարձր է գնահատում տարածաշրջանի հարևան երկրների հյուրընկալությունը, որոնք ընդունում են ուկրաինացի փախստականներին, ինչպես նաև դիվանագիտական ճանապարհով սատարում է այդ երկրների՝ սահմանները բաց պահելու և միջազգային պաշտպանություն հայցողներին օգնություն ցուցաբերելու ջանքերը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ մինչ այժմ Ուկրաինայից հեռացել է ավելի քան 600 հազար մարդ։ Փախստականներին ընդունող առաջնագծի պետությունների թվում են Լեհաստանը, Ռումինիան, Հունգարիան, Մոլդովան և Սլովակիան։ Վերջերս տված հարցազրույցում ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը նշել է. «Լեհերը բացել են իրենց սրտերը, իրենց տները. այնտեղ կա տաք կերակուր և պաշարներ, տակդիրներ և մանկասայլակներ՝ նորաթուխ ծնողներին օգնելու համար, ինչպես նաև հագուստ»։ Փաուերի գնահատմամբ՝ մոտ ապագայում «այդ հարևան երկրներ» հնարավոր է ժամանեն «երեքից հինգ միլիոն մարդ»։
Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել միջազգային հանրությանն արձագանքել պաշտպանություն փնտրողների կարիքներին և չվերադարձնել ապաստան հայցողներին Ուկրաինա, որտեղ նրանք, ամենայն հավանականությամբ, կբախվեն լուրջ վտանգի։ Միացյալ Նահանգները ողջունում է այլ դոնորների ներդրումները այս ճգնաժամին արձագանքելու հարցում և հորդորում մյուսներին մեծահոգաբար աջակցել Ուկրաինայում և տարածաշրջանում անհապաղ մարդասիրական կարիքներին։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։