Նավալնիի թունավորումը պետք է ենթարկվի հետաքննության

Սպիտակ տան մամլո քարտուղար Քեյլի ՄաքԷնանին, Նավալնիի թունավորումը խստորեն դատապարտելով, հայտարարել է.

Այն, որ Ռուսաստանի ընդդիմության ղեկավարներից Ալեքսեյ Նավալնին դուրս է եկել բժշկական կոմայից եւ արդեն պատասխանում է բանավոր խոսքին, ուրախալի լուր է: Սակայն, ինչպես Բեռլինի ‘’Շարիտե’’ հիվանդանոցի բժիշկներն են ասում, ‘’դեռեւս շատ վաղ է չափազանց ուժեղ թունավորման երկարաժամկետ ազդեցության մասին կանխագուշակելու համար’’:

Նավալնիին Ռուսաստանից Բեռլին տեղափոխեցին օգոստոսի 20-ին` Սիբիրից Մոսկվա ուղեւորվելու ճանապարհին հանկարծակի վատ զգալուց հետո, երբ բժիշկները, նրա ընտանիքի անդամների խնդրանքով, արտոնեցին տեղափոխությունը:
Բեռլինում գերմանացի բժիշկները պարզեցին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սուր քննադատ Նավալնին թունավորվել է ‘’Նովիչոկ’’ խմբին պատկանող մի թույնով: ‘’Նովիչոկ’’-ը Ռուսաստանում արտադրվող քիմիական զենք է:

Այն բանից հետո, երբ գերմանացի փորձագետները հայտարարեցին իրենց հետազոտության արդյունքների մասին, Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սուլիվանը կոչ արեց, որ ‘’Ռուսաստանի իշխանություններն անհապաղ սկսեն բազմակողմանի ու թափանցիկ հետաքննություն` հայտնաբերելու համար թունավորման պատասխանատուներին’’:

Սպիտակ տան մամլո քարտուղար Քեյլի ՄաքԷնանին, Նավալնիի թունավորումը խստորեն դատապարտելով, հայտարարել է. ‘’Ռուսաստանն անցյալում էլ կիրառել է նյարդային համակարգի վրա ազդող թույն, եւ մենք ներկա պահին համագործակցում ենք մեր դաշնակիցների ու միջազգային համայնքի հետ, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն թունավորման գործին մասնակցած ռուս բոլոր անձինք եւ դադարեցվեն նրանց վնասարար գործունեության ֆինանսական միջոցները: Ռուս ժողովուրդն ունի իր տեսակետներն ազատ կերպով արտահայտելու իրավունք, առանց պատժի որեւէ տեսակի, ու հատկապես` առանց քիմիական թունավորման ենթարկվելու վախի’’:

Համընդհանուր պատասխանով հանդես գալու կարեւորությունը շեշտելով` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգն ասել է, թե կազմակերպության անդամ պետությունները ‘’միասնական են սարսափելի այս հարձակումը դատապարտելու հարցում’’, եւ հորդորել է Ռուսաստանին մասնակցել միջազգային անկողմնակալ հետաքննությանը` մեղավորներին հայտնաբերելու համար:

Մեծ յոթնյակի արտաքին գործերի նախարարները հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, կոչ անելով Ռուսաստանին ‘’անհապաղ իրականացնել թափանցիկ գործողություններ` ‘’թունավորման այս գարշելի հարձակման’’ պատասխանատուներին հայտնաբերելու նպատակով: Մեծ յոթնյակը կոչ է անում, հաշվի առնելով Քիմիական զենքերի մասին պայմանագրով Ռուսաստանի ստանձնած պարտավորությունները, մեղավորներին կանգնեցնել արդարադատության առջեւ:

‘’Ընդդիմության ղեկավարներից Նավալնիի դեմ իրականացված այս հարձակումը մեկ այլ ապտակ է` հասցված Ռուսաստանում ժողովրդավարությանը եւ քաղաքական բազմակարծությանը’’, ասված է հայտարարության մեջ, որը ստորագրած արտգործնախարարները խոստանում են ‘’շարունակել ուշադիր հետեւել, թե ինչպես է Ռուսաստանը պատասխանում միջազգային կոչերին’’:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն, միանալով Մեծ յոթնյակի հայտարարությանը, ասել է. ‘’Այս հարձակումը հակասում է նման զենքերի կիրառումն արգելող միջազգային չափանիշներին’’:

Այս խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: