Չնայած Ռուսաստանի խափանիչ գործունեությանը՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը մնում է ուժեղ գործող մեխանիզմ

United Nations Nuclear Treaty Conference

Միջուկային զենքի չտարածման ռեժիմի հիմնական մեխանիզմը հանդիսացող պայմանագրի գործողության քննարկումների վերաբերյալ մի քանի շաբաթ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի կառավարությունը որոշել է արգելափակել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (ՄԶՉՊ) գործողության քննարկմանը նվիրված տասներորդ համաժողովի ամփոփիչ փաստաթղթի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։

Ռուսաստանը հրաժարվել է ընդունել մի փաստաթուղթ, որով կոչ է արվում վերադարձնել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի վերահսկողությունը «ուկրաինական իրավասու մարմիններին»։ Շուրջ 150 մասնակից երկրներից Ռուսաստանը միակն է դեմ հանդես եկել ամփոփիչ փաստաթղթին, որը ներառում էր ձևակերպումներ միջուկային ռիսկի նվազեցման, ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ընդլայնման և շատ այլ կարևոր հարցերի վերաբերյալ։

Այդուհանդերձ, չնայած ռուսական խափանիչ գործունեությանը, ՄԶՉՊ-ի մասնակից պետությունները հաստատել են սպառազինությունների վերահսկման, տարածման ճգնաժամերի և խաղաղ ատոմային էներգիայի, գիտության և տեխնոլոգիաների հասանելիության ընդլայնմանն ուղղված գործողությունների անհրաժեշտությունը, հատկապես՝ հարավային կիսագնդի պետությունների շրջանում։ Միջազգային քաղաքական և անվտանգության ոլորտում բարդ իրադրության պայմաններում ուշագրավ է ՄԶՉՊ-ի մասնակից պետությունների կողմից միջուկային զենքի չտարածման ռեժիմի ամրապնդման օգտին ընդհանուր եզրեր գտնելու աստիճանը, նշել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Փաթելը։
Միևնույն ժամանակ, ճնշող միջազգային համաձայնության պայմաններում ռուսական կառավարության կողմից նման ձևակերպում չընդունելն ընդգծում է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը, որպեսզի նա դադարեցնի իր ռազմական գործունեությունը էլեկտրակայանի մերձակայքում և վերադարձնի վերահսկողությունը Ուկրաինային, ասել է ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Փաթելը։ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը կամ ԶԱԷԿ-ը Եվրոպայի ամենախոշոր ատոմակայանն է, որը մարտ ամսից գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ։

Չնայած Ռուսաստանի ցինիկ խափանիչ գործունեությանը, այն փաստը, որ Համաժողովի մասնակից բոլոր մյուս երկրները կարողացան սատարել ամփոփիչ փաստաթուղթը, խոսում է Պայմանագրի կայուն և կարևորագույն դերի մասին միջուկային զենքի տարածումը կանխելու և միջուկային պատերազմի վտանգը կասեցնելու գործում։


Միացյալ Նահանգները շարունակելու է աշխատել միջազգային հանրության հետ՝ առանց միջուկային զենքի աշխարհում խաղաղության և անվտանգության հասնելու նպատակով։ ՄԶՉՊ-ն կա և կմնա միջուկային զենքի չտարածման ռեժիմի հիմնարար անկյունաքարը, որը կենսական նշանակություն ունի և կշարունակի ունենալ միջուկային զինաթափման խթանման և խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման համար։

«Մենք հպարտ ենք, որ կառուցողական և բարեխղճորեն աշխատել ենք բոլոր կողմերի հետ համաձայնության հասնելու ուղղությամբ», հայտարարել է փոխխոսնակ Փաթելը։ «Ռուսաստանի գործողություններն անդրադառնում են միայն Ռուսաստանի վրա։ Ակնհայտ է, որ ՄԶՉՊ-ի մյուս մասնակից պետությունները ճանաչում են Պայմանագրի դերը՝ որպես միջազգային կանոնահեն կարգի կարևորագույն հենասյուն»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։