Ռուսաստանը պետք է դադարեցնի գործողությունները ուկրաինական միջուկային օբյեկտների մերձակայքում

Մարտի սկզբին Ռուսաստանը հարձակվեց և գրավեց Ուկրաինայի Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը։ Մոսկվան մինչ օրս շարունակում է ուժ կիրառել ատոմակայանն իր վերահսկողության տակ պահելու համար։ Խորհրդային ժամանակաշրջանում կառուցված այս օբյեկտը Եվրոպայի ամենախոշոր ատոմակայանն է։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի խոսքերով՝ օգոստոսի 5-ին Զապորոժիեի ատոմակայանը ենթարկվել է ռմբակոծության, «որի արդյունքում տեղի է ունեցել մի քանի պայթյուն էլեկտրավահանակի մոտ և էլեկտրաէներգիայի անջատում։ Էներգաբլոկերից մեկն անջատվել է էլեկտրացանցից՝ հանգեցնելով վթարային պաշտպանության համակարգի և էլեկտրամատակարարումն ապահովող գեներատորների գործարկման»։

Գրոսին նախազգուշացրել է, որ բոլոր «յոթ սյուները, որոնք անփոխարինելի են և առանցքային նշանակություն ունեն միջուկային անվտանգության համար… վտանգված են կամ ամբողջովին վնասվել են ճգնաժամի այս կամ այն պահին»։

«Միացյալ Նահանգները շարունակում է ուշադիր հետևել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հաղորդումներին՝ լուրջ մտահոգություն հայտնելով միջուկային հնարավոր միջադեպի առնչությամբ, որը սպառնալիքի տակ կդնի Ուկրաինայի ժողովրդին, հարևան պետություններին և միջազգային հանրությանը», ասել է սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության գծով ԱՄՆ փոխպետքարտուղար Բոնի Ջենքինսը։

«Զապորոժիեի ատոմակայանում զարգացումների լուծումը հստակ է»։

«Միացյալ Նահանգները կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը անհապաղ դուրս բերել իր զորքերը Ուկրաինայի տարածքից։ Դա թույլ կտա Ուկրաինային վերականգնել տասնամյակներ շարունակ օբյեկտում պահպանվող ապահովության, անվտանգության և երաշխիքների կատարման անբասիր ցուցանիշները»։

«Ռուսաստանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ տեղում իրողություններից ուշադրությունը շեղելու համար, և այժմ պնդում է, որ Ուկրաինան պատասխանատու է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի համար», ասել է փոխպետքարտուղար Ջենքինսը։

Նա նշել է, որ լիովին անտեսվում է իրական խնդիրը՝ Ռուսաստանի կողմից օբյեկտի զավթման հանգամանքը։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանն է այնտեղ ստեղծել ռիսկային իրավիճակ՝ նախաձեռնելով իր լայնամասշտաբ ներխուժումը, և Ռուսաստանն էլ կարող է վերացնել ռիսկերը՝ դուրս գալով Ուկրաինայի տարածքից»։

«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Ուկրաինայի միջուկային օբյեկտներում կամ դրանց մերձակայքում։ Միացյալ Նահանգները նաև սատարում է Ուկրաինայի առաջարկը Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու մասին», հայտարարել է փոխպետքարտուղար Ջենքինսը։

«Այս հակամարտության բազմաթիվ հետևանքները՝ ներառյալ Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը, կվերջանան միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը դադարեցնի իր պատերազմը։ Միացյալ Նահանգները պահանջում է հատուկ հրատապ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի վերջին քայլերից բխող միջուկային ռիսկերի վերացման ուղղությամբ։ Դա պետք է արվի ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքի և Զապորոժիեի օբյեկտի նկատմամբ լիակատար վերահսկողությունը Ուկրաինային վերադարձնելու միջոցով»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։