Ռուսաստանի վտանգավոր խաղը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, աջից, և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ժպտում են 2024 թվականի հունիսի 19-ին Փհենյանից դուրս գտնվող Փհենյան Սունան միջազգային օդանավակայանում իրենց հանդիպման ժամանակ:

2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժելուց ի վեր Ռուսաստանի Դաշնությունը հետևողականորեն փորձել է պատերազմի մեղքը բարդել Ուկրաինայի դաշնակիցների վրա։ Ինչու՞, որովհետև ՆԱՏՕ-ն և այլ երկրներ աջակցում են Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդմանը։

«ՄԱԿ-ի կանոնադրության խախտմամբ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից 980 օր հետո, Ռուսաստանի պատճառած բոլոր մահերից և ավերածություններից հետո, Ռուսաստանն այսօր կեղծ կերպով փորձում է մեղադրել ուրիշներին իր նախաձեռնած պատերազմի և Պուտինի գործողությունների համար»,- հայտարարել է ՄԱԿ-ում հատուկ քաղաքական հարցերով ԱՄՆ այլընտրանքային ներկայացուցիչ Ռոբերթ Վուդը։

«Ռուսական ապատեղեկատվությունը ոչ մեկին չի կարող մոլորեցնել։ Իրական խնդիրը Ուկրաինայի պաշտպանությանն ուղղված միջազգային աջակցությունը չէ։ Ռուսաստանը ագրեսոր է, Ուկրաինան՝ զոհ։ Ռուսաստանի համար պատերազմը նշանակում է նվաճում, Ուկրաինայի համար՝ գոյատևում»։

«Խնդիրը Ռուսաստանի անօրինական ագրեսիան է Ուկրաինայի և այն երկրների դեմ, որոնք կարող են նման [ագրեսիայի] պատճառ դառնալ»։

Զավեշտալի է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ Ռուսաստանը բողոքում է Ուկրաինային օտարերկրյա ռազմական օգնությունից, ինքն է գործարքներ կնքում և օգնություն ստանում իր դաշնակիցներից, մասնավորապես՝ Հյուսիսային Կորեայից։

Հոկտեմբերի վերջին «[Ռուսաստանի] Պետդուման վավերացրեց Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը, և այդ ընթացքում Հյուսիսային Կորեան անօրինական կերպով բալիստիկ հրթիռներ, արձակման կայանքներ և զինամթերք էր մատակարարում Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին աջակցելու համար»,- ասել է դեսպան Վուդը։ Նա հավելել է, որ ներկայում Ռուսաստանի Կուրսկի մարզում տեղակայված է 8,000-ոց հյուսիսկորեական զորախումբ։

«Ռուսաստանի գործողությունները Հյուսիսային Կորեայի ուղղությամբ ոչ միայն վտանգավոր են, այլև հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի իր պարտականություններին։ Ռուսաստանի ռազմական համագործակցությունը Հյուսիսային Կորեայի հետ խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևեր, որոնք արգելում են ինչպես Հյուսիսային Կորեայից զենքի գնումը, այնպես էլ [Փհենյանի հետ] զորավարժությունների անցկացումը»։

«Զուգահեռաբար՝ Չինաստանը շարունակում է ցույց տալ, թե իր լայնածավալ աջակցությունը ռուսական ռազմարդյունաբերական համալիրին չափազանցված է»,- ասել է դեսպան Վուդը։

«Չինական ընկերությունները համագործակցել են ռուսական պաշտպանական ընկերությունների հետ հեռահար հարվածային անօդաչուների մշակման և արտադրության գործում։ Չինաստանը չի կարող ասել, թե հանդես է գալիս խաղաղության օգտին, երբ թույլ է տալիս Ռուսաստանին վարել վերջին տասնամյակների ընթացքում Եվրոպայում ամենամեծ պատերազմը»։

«Ռուսաստանը սկսել է այս պատերազմը։ Ռուսաստանը կարող է վերջ դնել դրան նույնիսկ վաղը»,- ասել է դեսպան Վուդը։ «Քանի դեռ դա տեղի չի ունեցել, Ուկրաինան ունի ինքնապաշտպանության անքակտելի իրավունք, և միջազգային հանրությունը կարող է և պետք է երաշխավորի, որ Ուկրաինայի սահմանները ուժով չեն փոխվի»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։