Պատժամիջոցներ` Լուկաշենկոյի բռնաճնշումների համակարգին և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային աջակցելու համար

(FILE) Alexander Lukashenko takes the oath of office as President during ceremony in Belarus.

Օգոստոսին լրանում է Բելառուսում կեղծված ընտրությունների երրորդ տարին։ Գրեթե երեսուն տարի իշխող բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոն շարունակում է իր անօրինական նախագահությունը։

Քվեարկությունն, ինչպես հայտնի է, անցավ բազմաթիվ խախտումներով։ Ընտրություններն ուղեկցվեցին մարդու իրավունքների կոպիտ տնահարումներով, իսկ կեղծված քվեարկությանը հաջորդած զանգվածային բողոքի ցույցերը դաժանորեն ճնշվեցին անվտանգության ուժերի կողմից։ Հազարավոր ցուցարարներ բերման ենթարկվեցին, մի քանիսը սպանվեցին։ Առկա են կալանավորվածների նկատմամբ խոշտանգումների կիրառման հավաստի ապացույցներ։ Լուկաշենկոյի ռեժիմը շարունակում է անազատության մեջ պահել մոտ 1 500 քաղբանտարկյալի, որոնցից շատերն ընտրությունների ժամանակ հանդես եկան Լուկաշենկոյի դեմ կամ մասնակցեցին բողոքի ցույցերին։

Օգոստոսի 9-ին ԱՄՆ պետքարտուղարությունը մուտքի արտոնագրի տրամադրման սահմանափակումներ կիրառեց Լուկաշենկոյի ռեժիմի 101 պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց համար՝ Բելառուսում ժողովրդավարական ինստիտուտները խարխլելու, դրանց վնաս հասցնելու համար։ Միաժամանակ, ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման վարչությունը պատժամիջոցներ է սահմանել ութ ֆիզիկական և հինգ իրավաբանական անձանց նկատմամբ՝ երկրի ներսում Լուկաշենկոյի բռնաճնշումների համակարգին և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային աջակցելու համար։

«Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակում է ներառել Բելառուսի պետական վերահսկողական կոմիտեի ֆինանսական հետաքննությունների վարչությունը և դրա տնօրենների խորհրդի չորս անդամների։ Ցուցակում ընդգրկվել են նաև ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող Ալեքսեյ Իվանովիչ Ալեքսինի ընտանիքի երեք անդամներ, ինչպես նաև երեք կազմակերպություններ, որոնք վերահսկվում են Բելառուսի իշխանությունների կողմից՝ «Բելավիա» բելառուսական ավիաուղիները, Մինսկի քաղաքացիական ավիացիայի N 407 գործարանը, Բելառուսական մետալուրգիական գործարանի կառավարող ընկերությունը, ինչպես նաև մեկ իրավաբանական անձ՝ «Բել-Կապ-Ստալ» ՍՊԸ-ն՝ Բելառուսական մետալուրգիական գործարանի կառավարող ընկերությանը պատկանելու կամ այդ ընկերության վերահսկողության ներքո գտնվելու համար»,- նշված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։ Պատժամիջոցները կիրառվել են համաձայն «Բելառուսում իրավիճակի վրա ազդող հավելյալ անձանց գույքի արգելափակման մասին» թիվ 14038 կարգադրության։

Միացյալ Նահանգներն այս քայլը ձեռնարկում է մեր գործընկերների և դաշնակիցների վերջին գործողությունների հետ մեկտեղ։

«Կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր՝ 1 500 քաղբանտարկյալներին, որոնք պահվում են Լուկաշենկոյի վարչակարգի կողմից, այդ թվում՝ Ալես Բելյացկիին, Վիկտոր Բաբարիկոյին, Մարիա Կոլեսնիկովային, Իգոր Լոսիկին և Սերգեյ Տիխանովսկիին»,- ընդգծել է պետքարտուղար Բլինքենը։

«2020 թվականից ի վեր Լուկաշենկոյի վարչակարգը բռնաճնշումներ է գործադրում Բելառուսի քաղաքացիների նկատմամբ, ձերբակալում է խաղաղ ցուցարարների և համայնքների ղեկավարների, հաշվեհարդար է տեսնում ընդդիմադիր խմբերի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների նկատմամբ, մարդկանց դատապարտում է կեղծ դատավարությունների միջոցով, և այս ամենն արվում է պահպանելու Լուկաշենկոյի ապօրինի իշխանությունը։ Միացյալ Նահանգները կշարունակի սատարել Բելառուսի ժողովրդին՝ իր ձգտումներում՝ ժողովրդավարական կարգեր հաստատել ազատ երկրում, ուր հարգվում են մարդու իրավունքները»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։