Սիրիացի ժողովուրդը շարունակում է տառապել երկրում իշխող վարչակարգի ներքո

2022 թվականի հունվարի 24-ին Իրաքի Սինջար քաղաքում ավերված տները

Սիրիայում լարվածությունը հասել է նոր՝ վտանգավոր մակարդակի․ բռնությունների թիվը վերստին աճում է։ Միացյալ ազգերի կազմակերպությունը հայտնում է Սիրիայի հյուսիսարևելքում ռազմական գործողությունների ընդարձակման մասին։

Հաղորդվում է, որ «Իսլամական պետությունը»՝ ԴԱԻՇ-ը, սաստկացրել է հարձակումները նաև երկրի կենտրոնական՝ անապատային շրջաններում։ Այս ամենի ֆոնին՝ սիրիացի ժողովրդի տառապանքները միայն ավելանում են։

Միակ դրական նորությունն այն է, որ սիրիական վարչակարգը թույլատրել է վերսկսել սահմանային երեք անցակետերի աշխատանքը՝ մարդասիրական օգնություն առաքելու նպատակով։ Խոսքը նաև «Բաբ-ալ-Հավա» անցակետի մասին է, որը երկար տարիներ ծառայել է որպես մարդասիրական օգնության անցուղի դեպի Սիրիայի հյուսիսարևմտյան շրջաններ, որտեղ նման օգնության կարիքն ամենից շատն է զգացվում։

Այդուհանդերձ, պարզ սիրիացիների կյանքը շարունակում է անտանելի մնալ ալ-Ասադի վարչակարգի ներքո։

«Նախկինի նման այն՝ [վարչակարգը] միայն կարճաժամկետ համաձայնություն է տալիս»,- ասել է ՄԱԿ-ում հատուկ քաղաքական հարցերով ԱՄՆ դեսպան Ռոբերթ Վուդը։

«Ռեժիմը երկարաձգեց ՄԱԿ-ի կողմից «Բաբ ալ-Սալամ» և «Ալ-Ռայի» սահմանային անցակետերը օգտագործելու թույլտվությունը միայն այս օգոստոսի 12-ին՝ լիազորության ժամկետի ավարտից ընդամենը մեկ օր առաջ։ Եվ հերթական անգամ համաձայնությունը տրվել է ընդամենը երեք ամսով»։

«Թեև այս երկարաձգումը ողջունելի էր թե՛ այն մարդկանց համար, որոնք կախված են մարդասիրական օգնությունից, թե՛ նրանց համար, ովքեր հասցնում են այդ օգնությունը, Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել [ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդին դիմել ռեժիմին՝ ավելի կանխատեսելի և երկարաժամկետ հասանելիություն ապահովելու համար։ Այն հնարավորություն կտա մարդասիրական կազմակերպություններին պլանավորել, անձնակազմ տեղակայել և ավելի արդյունավետ օգտագործել ռեսուրսները»։

Սիրիան բախվում է բազմաթիվ խնդիրների, որոնք հնարավոր չէ լուծել մինչև երկրի քաղաքական ինստիտուտները չգործեն, սակայն Սիրիայի Սահմանադրական հանձնաժողովը 2022 թվականի հունիսից ի վեր ոչ մի նիստ չի գումարել։ Դեսպան Վուդը կոչ է արել վարչակարգին «ոչ միայն համաձայնել Սահմանադրական հանձնաժողովի նիստ գումարելուն, այլև կառուցողական մասնակցություն ունենալ այդ գործում»։

«Կրկին հայտարարում ենք, որ չենք ֆինանսավորելու ռեժիմի կողմից ղեկավարվող վերականգնումը, և որ ԱՄՆ պատժամիջոցները ուժի մեջ կմնան առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ 2254 բանաձևի համաձայն քաղաքական կարգավորման ուղղությամբ կոնկրետ, շոշափելի առաջընթաց չի գրանցվել»։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևը կոչ է անում Սիրիայում ստեղծված իրավիճակին քաղաքական լուծում տալ։

«Շարունակում ենք աջակցել սիրիացի ժողովրդի՝ խաղաղության, արժանապատվության, անվտանգության և արդարության կոչերին։ [Նաև] աջակցում ենք խաղաղ հավաքներ անցկացնելու և ազատ արտահայտվելու սիրիացիների իրավունքների իրացմանը»,- ասել է դեսպան Վուդը։

«Սիրիացիները չափազանց երկար են տառապել, և նրանց օրեցօր վատթարացող վիճակը պահանջում է վճռական արձագանք միջազգային հանրության կողմից»։

«Պետք է վերահաստատենք մեր հանձնառությունը՝ դրսևորելու քաղաքական կամք և ապահովելու հավաքական գործողություններ՝ խիստ կարիքի մեջ գտնվող սիրիացիներին օգնելու համար»,- ասել է դեսպան Վուդը։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։