ԱՄՆ-ն կոչ է անում ազատ արձակել քաղբանտարկյալներին

Ռուշան Աբասի ձեռքում է իր քրոջ՝ Գյուլշան Աբբասի լուսանկարը, ով Չինաստանի իշխանությունների կողմից ազատազրկման է դատապարտվել

Աշխարհում շուրջ մեկ միլիոն քաղբանտարկյալ կա։ Ահա թե ինչու մեկ տարի առաջ Միացյալ Նահանգները մեկնարկել է «#WithoutJustCause» արշավը՝ փորձելով ողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել անարդարացի կերպով ձերբակալվածների խնդրին՝ ներկայացնել նրանց պատմությունները։

Այս նախաձեռնությունը ներկայացնում է տարբեր մասնագիտությունների տեր բանտարկյալների, որոնք անարդարացիորեն պահվում են մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին տեր կանգնելու համար, այդ թվում՝ կրոնական առաջնորդներ, քաղաքացիական ակտիվիստներ, գործարարներ և նախկին պետական պաշտոնյաներ։

Նման բանտարկյալներից է Նիկարագուայի եպիսկոպոս Օռլանդո Ալվարեսը, որն անարդարացիորեն անազատության մեջ է ավելի քան 500 օր, և ներկայում 26 տարվա պատիժ է կրում՝ մեկուսացման մեջ։ Ճաղերի հետևում է ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզան, ով դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը քննադատելու համար։

Իրանցի իրավապաշտպան Նարգես Մոհամադին դատապարտվել է 9 տարի 8 ամիս ժամկետով, մտրակի 154 հարվածի ու լրացուցիչ պատիժների՝ «ազգային անվտանգությանը» վերաբերող մեղադրանքների հետևանքով։ Երբ նա արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակին՝ մարդու իրավունքների և կանանց իրավահավասարության պաշտպանությանն ուղղված ակտիվ գործունեության համար, իրանական իշխանությունները փորձեցին Մոհամադիին կրկին պատասխանատվության ենթարկել՝ նրան ներկայացնելով լրացուցիչ մեղադրանքներ,

Թոշակի անցած բժիշկ և ազգությամբ ույղուր Գյուլշան Աբասին Չինաստանի իշխանությունները դատապարտել են 20 տարվա ազատազրկման՝ անհիմն մեղադրանքով։ Աբասին մի շարք հիվանդությունների տեր է, և կանոնավոր բժշկական խնամքի կարիք ունի։ Տաջիկ իրավապաշտպան Բուզուրգմեհր Յորովը, որը հայտնի է քաղաքական պատճառներով հետապնդվող անձանց շահերը պաշտպանելու իր գործունեությամբ, անցած տարվա հուլիսին դատապարտվեց խարդախության՝ չհիմնավորված մեղադրանքով, ինչը 10 տարի ավելացրել է նրա նախորդ՝ 28 տարվա ազատազրկման ժամկետին։

Հաճախ այս մարդիկ և նրանց նման շատերն են հարազատ երկրներում հանուն արդարության հանդես եկող միակ ձայնը, որոնց տեղի կառավարությունները փորձում են լռեցնել։

«#WithoutJustCause» նախաձեռնությունը շուտով կթևակոխի իր երկրորդ տարին, և Միացյալ Նահանգները վերահաստատում է իր դիրքորոշումը՝ ազատ արձակել նշված՝ խիզախ կանանց և տղամարդկանց։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։