ԱՄՆ-ի արձագանքը հումանիտար ճգնաժամերին և համաշխարհային պարենային անապահովության խնդրին

Isobel Coleman VOA Interview at UNGA 2023

Միացյալ Նահանգները հաստատակամ է՝ մինչև 2030 թվականը հասնել ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին։

Նյու Յորքի «Foreign Press Center»-ում վերջերս կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի տեղակալ Իզոբել Քոլմանն անդրադարձել է մի շարք հրատապ գլոբալ խնդիրների՝ ընդգծելով մարդասիրական ճգնաժամերին արձագանքելու Միացյալ Նահանգների հանձնառության կարևորությունը։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը լրացուցիչ 247 միլիոն դոլար է հատկացնում՝ Աֆրիկայի ենթասահարյան տարածաշրջանի 10 երկրներին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատալով՝ հոգալու բնակչության առավել խոցելի խմբերի հրատապ կարիքները։

Քոլմանը հավելել է՝ Միացյալ Նահանգները շարունակում է հանդիսանալ Աֆղանստանին ամենից մեծ աջակցությունը տրամադրող երկիրը և ջանքեր է գործադրում՝ երաշխավորելու, որ տրամադրվող օգնությունն անմիջականորեն հասնի աֆղան ժողովրդին։

«Որոշակի խնդիրներ ենք ունեցել այդ հարցում․ եղել են դեպքեր, երբ «Թալիբան» [շարժման] անդամները միջամտել են [օգնության հատկացմանը]։ Սակայն նման դեպքերում բացատրել ենք, թե ինչպես ենք աշխատում, և որ մեր օգնությունը պետք է ուղղակի տրամադրվի շահառուներին։ Եթե մեզ չի հաջողվել հասնել դրան, այդ դեպքում կասեցրել ենք մեր օգնությունը»։

Քոլմանն ընդգծել է՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը նպատակ ունի աջակցել նրանց, ովքեր տուժել են կլիմայի փոփոխության, ներառյալ՝ բնական աղետների ու պարենային խնդիրների ընդալյանման պատճառով, և մտադիր է այդ անել մաքուր էներգիայի, կայուն զարգացման ու նախազգուշացման համակարգերի ամրապնդման ռազմավարությունների խթանման միջոցով։ Բացի այդ, ներդրումներ են կատարվել երաշտադիմացկուն սերմերի և գյուղատնտեսության վարման նորարարական մեթոդների կիրառման ուղղությամբ՝ պարենային անապահովության դեմ պայքարելու համար։

«Տարեկան միլիոնավոր դոլարներ ենք հատկացնում սերմերի կատարելագործմանն ուղղված հետազոտություններին, որպեսզի ֆերմերները կարողանան օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ՝ վնասատուների և երաշտի նկատմամբ ավելի դիմացկուն մշակաբույսեր աճեցնելու համար, և կարողանան արձագանքել շրջակա միջավայրի փոփոխություններին»։

Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ գլոբալ մարդասիրական ճգնաժամերի հաղթահարման գործին, կայուն զարգացմանն աջակցելուն և պատրաստակամ է համագործակցել ողջ աշխարհի երկրների հետ՝ սովը վերացնելու և ավելի բարեկեցիկ համաշխարհային համայնք ստեղծելու ուղղությամբ։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։