ԱՄՆ-ն և Եվրոպան ամրապնդում են համագործակցությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարում

Հետզհետե ավելի քիչ ժամանակ է մնում կլիմայի գլոբալ փոփոխության երկարաժամկետ հետևանքները կանխելու համար։ 2015 թվականին ստորագրած Փարիզի համաձայնագիրը մեկնարկային քայլն էր ճիշտ ուղղությամբ, որով շուրջ 200 պետություններ պարտավորվել են.

կրճատելով իրենց երկրներում ածխածնի արտանետումները՝ սահմանափակել գլոբալ միջին ջերմաստիճանային աճը մինչև երկու աստիճան ցելսիուսից զգալիորեն ցածր՝ մինչարդյունաբերական մակարդակի համեմատ։ Նախագահ Բայդենը պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո քայլեր է ձեռնարկել Միացյալ Նահանգները վերադարձնելու Փարիզի համաձայնագրին։ Սակայն ինչպես նշել է կլիմայի հարցերով նախագահի հատուկ դեսպանորդ Ջոն Քերրին՝ «Համաձայնագիրն ինքնին չի լուծում դրված խնդիրը»։

«Մենք չենք անում այն ամենը, ինչի մասին պայմանավորվել ենք Փարիզում։ Եկել է ժամանակը, որպեսզի երկրները, ողջախոհ կառավարությունները և մարդիկ միավորեն ջանքերը և ավարտին հասցնեն գործը»։

Մարտի սկզբին Բրյուսելում և Փարիզում տեղի ունեցավ դեսպանորդ Քերրիի, Եվրամիության և Միացյալ Թագավորության ներկայացուցիչների հանդիպումը՝ վերականգնելու իրենց դաշինքը և սերտ համագործակցությունը կլիմայի ճգնաժամի դեմ պայքարում։ Բոլոր երեք կողմերը պարտավորվել են մինչև 2050 թվականը ջերմոցային գազերի արտանետումները հասցնել զրոյական մակարդակի և որոշում են ընդունել օգնել աշխարհի բնակչության առավել խոցելի շերտերին՝ հարմարվել կլիմայի փոփոխության հետևանքներին և պայքարել դրանց դեմ։

«Եվրոպայում և ԵՄ-ում մեր ընկերներից ավելի լավ գործընկերներ գոյություն չունեն», ասել է դեսպանորդ Քերրին.

«Մեզ համար այժմ կարևոր է համախմբվել, քանի որ որևէ երկիր չի կարող միայնակ հաղթահարել այս ճգնաժամը։ Անհրաժեշտ է յուրաքանչյուր երկրի մասնակցությունը, ընդ որում՝ ոչ միայն կառավարությունների մակարդակով։ Անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության, համայնքների, երկրների, և ոչ պակաս կարևոր՝ մասնավոր հատվածի մասնակցությունը»։

Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է մեծ ֆինանսական ներդրումներ, նշել է դեսպանորդ Քերրին։ Սակայն մաքուր տնտեսության մեջ ներդրում կատարելը ստեղծում է աշխատատեղեր և միջոցներ է տնտեսում երկրների համար։ «Յուրաքանչյուր տնտեսական վերլուծությունից այլևս ակնհայտ է, որ ոչինչ չանելու դեպքում մեր քաղաքացիներն ավելի թանկ կվճարեն»։ Միևնույն ժամանակ, «արդյունաբերական հեղափոխությունից ի վեր սա մեր առաջին ամենամեծ հնարավորությունն է՝ ավելի լավ աշխարհ կառուցելու համար»։

«Տնտեսական տեսակետից սա բացառիկ պահ է, երբ կհայտնվեն նոր ապրանքներ, նոր տեխնոլոգիաներ՝ լինի դա ածխածնի կլանում, մարտկոցների պահպանում թե ջրածնային վառելիք։ Այս ամենը մեր առջև ծառացած ճգնաժամի կարգավորման ուղիներն են»։

«Առողջ բանականությունը հուշում է, որ ժամանակը եկել է», ասել է նախագահի հատուկ դեսպանորդ Քերրին։ «Մենք կարող ենք դա անել։ Այսօր մենք ունենք շատ տեխնոլոգիաներ, և բազմաթիվ երկրներ և ընկերություններ համառորեն աշխատում են այնպիսի տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ, որոնք մեզ անհրաժեշտ են։ Դա հնարավոր է անել»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։