Երկու երկրներում այս հոկտեմբերի վերջին կայանալիք ընտրություններով պայմանավորված՝ ԱՄՆ Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսումներ է անցկացրել՝ Մոլդովայում և Վրաստանում տիրող իրավիճակի և այդ երկրների նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ։
«Երկու երկրները, կարծես, շարժվում են տարբեր ուղղություններով՝ եվրատլանտյան ինտեգրման տեսանկյունից։ Մոլդովան հետխորհրդային տարածքում հաջողության օրինակ դառնալու ճանապարհին է։ Սակայն, չնայած խորհրդային անցյալից հրաժարվելու և Արևմուտքի հետ սերտ հարաբերությունների ձգտելու վրաց ժողովրդի հաստատակամությանը, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ընդունել է ոչ ժողովրդավարական օրենք, թիրախավորել քաղաքացիական հասարակության [ներկայացուցիչներին] և տասնամյակներ շարունակ Վրաստանին աջակցած Միացյալ Նահանգների ու եվրոպացի գործընկերների դեմ անցել ապատեղեկատվական հարձակումների»,- ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հաքը։
«Իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից [այս] մայիսի 28-ին ընդունված «Օտարերկրյա ազդեցության մասին օրենքը» խորհրդանշում է այդ հակաժողովրդավարական շարժը։ Այդ օրենքը, որն արտապատկերում է Ռուսաստանում գործող նմանատիպ օրենքը, նպատակ ունի լռեցնել քննադատական ձայները, արատավորել ՀԿ-ների ակտիվիստներին ու լրագրողներին և վախեցնել Վրաստանի ակտիվ քաղաքացիական հասարակությանը։ «Վրացական երազանք» [կուսակցության] կառավարությունն ընդունեց այդ օրենքը, չնայած [երկրի] քաղաքացիների զանգվածային բողոքներին»։
Չնայած «ռուսական ագրեսիայի, միջամտության և ապատեղեկատվության մշտական սպառնալիքին, հոկտեմբերի 20-ին Մոլդովայում նախագահական ընտրությունները և միաժամանակ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ համերկրային հանրաքվեն պատմական հնարավորություն են Մոլդովայի ժողովրդի համար՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման ավերիչ ազդեցության պայմաններում»,- հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Քրիստոֆեր Սմիթը։
«Նախագահ [Մայա] Սանդուն, նրա կառավարությունը և մոլդովացի ժողովուրդը համարձակ քայլեր են ձեռնարկել՝ ավելի ժողովրդավարական, անվտանգ ու բարգավաճ ապագա կառուցելու համար, որը ամուր կապված է Արևմուտքի հետ։ Մեր ռազմավարության հիմնական նպատակն է ապահովել ԵՄ-ին ինտեգրվելու Մոլդովայի ստանձնած ուղու անշրջելիությունը»։
«Վրաստանը և Մոլդովան եղել են ԱՄՆ-ի կարևոր գործընկերները, որոնք անկախությունից ի վեր տասնամյակներ շարունակ ձգտում են ավելի սերտ կապեր հաստատել Արևմուտքի հետ, և … նրանք զգալի առաջընթաց են գրանցել ու ծավալուն բարեփոխումներ իրականացրել»,- ասել է ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի օգնականի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։ «Մոլդովացի ժողովուրդը համարձակ ընտրություն է կատարել հօգուտ Եվրոպայի հետ ինտեգրման»։
«Դեռ հույս ունենք, որ վրաց առաջնորդները կվերանայեն իրենց գործողությունները և կվերադառնան Վրաստանի՝ եվրատլանտյան վաղեմի նկրտումներին»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Հաքը։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։