Տիկին Հումբատովան հայտնի փաստաբան է, որը պաշտպանել է քաղաքականապես զգայուն գործեր, այդ թվում՝ իրավապաշտպանների, լրագրողների և ԼԳԲՏՔԻ+ համայնքի անդամների, որոնք հակասության մեջ են մտել Ադրբեջանի կառավարության հետ։
Փաստաբանների կոլեգիան, ինչպես անվանում են Ադրբեջանի փաստաբանների միությունը, 2021 թվականի մարտի 5-ին տիկին Հումբատովային զրկել է փաստաբանի կարգավիճակից՝ պատճառաբանելով անդամավճար չվճարելը։ Սակայն, ինչպես նշվում է Ադրբեջանում մարդու իրավունքների դրության վերաբերյալ Պետդեպարտամենտի վերջին զեկույցում, 2019 թվականին տիկին Հումբատովային փաստաբանի կարգավիճակից զրկելու Կոլեգիայի նախաձեռնած վարույթի պատճառները «լայնորեն դիտարկվել են որպես քաղաքական»։ Բացի այդ, Պետդեպարտամենտի զեկույցում նշված է, որ, ըստ իրավաբանական համայնքի և ՀԿ-ների ներկայացուցիչների, 2018 թվականի օրենքը, որով փաստաբանների համար պարտադիր պայման է դարձել փաստաբանների միությանն անդամակցությունը, լրացուցիչ «լծակ է տվել փաստաբանների միությանը, որի կազմում գերակշռում են կառավարությանը հարող ներկայացուցիչները, կանխելու, որ մարդու իրավունքների գծով փաստաբանները ներկայացնեն քաղաքական դրդապատճառներով գործերում ներգրավված անձանց՝ սահմանափակելով պատշաճ անդամակցության արժանի փաստաբանների թիվը»։
Շահլա Հումբատովան զրկվել է փաստաբանական կարգավիճակից Կանանց միջազգային օրվա նախօրեին՝ պետքարտուղարի կողմից «Խիզախ կին» միջազգային մրցանակը ստանալուց մեկ տարի անց։ Մրցանակն ամեն տարի շնորհվում է աշխարհի տարբեր երկրներից այն կանանց, որոնք ցուցաբերել են խիզախություն, ուժ և առաջնորդություն խաղաղության, արդարության, մարդու իրավունքների և գենդերային հավասարության համար պայքարում։
Գրավոր հայտարարության մեջ պետքարտուղար Բլինքենը ասել է. [«Տիկին Հումբատովայի] և Ադրբեջանում մարդու իրավունքների այլ պաշտպանների աշխատանքը պետք է ողջունվի, այլ ոչ թե պատժվի, և մենք կոչ ենք անում պատասխանատուներին շուտափույթ վերականգնել նրան Ադրբեջանի փաստաբանների միությունում»։
Նա հայտարարել է. «Միացյալ Նահանգները հետամուտ են ձգտելու այնպիսի աշխարհի, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, իրավապաշտպանները, և պատասխանատվության են ենթարկվում նրանք, ովքեր ոտնահարում են մարդու իրավունքները։ Մենք խրախուսում ենք Ադրբեջանում համակարգային բարեփոխումներին ուղղված բոլոր քայլերը, հատկապես, որոնք վերաբերում են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը. ոլորտներ, որոնք օգուտ կբերեն Ադրբեջանի ժողովրդին և կստեղծեն հնարավորություններ մեր համագործակցության խորացման համար»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։