Կան «բազմաթիվ ապացույցներ, որոնք հաստատում են դաժան իրականությունը. սեռական բռնությունը շարունակում է օգտագործվել որպես պատերազմի զենք»,- հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
«Կանանց մարմինները օգտագործվում են որպես պատերազմի զենք։ Օգտագործվում են համայնքները ահաբեկելու, ապակայունացնելու և ոչնչացնելու համար։ [Սեռական բռնությունը] օգտագործվում է մարդկանց լռեցնելու համար, ստիպելու նրանց մտածել, որ իրենք միայնակ են, որ իրենց կյանքը արժեք չունի»։
«Հանուն այն խիզախ մարդկանց, որոնք վերապրել են այդ և առաջ շարժվել, հանուն այն զոհերի, որոնց լռեցրել են վախն ու ամոթը, և [հանուն] նրանց, ովքեր սպանվել են՝ նախքան կհասցնեին պատմել իրենց պատմությունները, պարտավոր ենք պայքարել սեռական բռնության այս համաճարակի դեմ»,- ասել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը։ «Միջազգային հանրության առջև է երեք հիմնական խնդիր։ Առաջինը՝ պատասխանատվության ենթարկել մեղավորներին … Եվ ես հպարտ եմ, որ Միացյալ Նահանգները քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ»։
«Մենք հրապարակավ դատապարտում ենք ԴԱԵՇ-ի այն առաջնորդներին, որոնք սեռական բռնություն են իրականացրել եզդի կանանց և աղջիկների հանդեպ, պատժամիջոցներ ենք սահմանում հաիթյան ավազակախմբերի ղեկավարների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար, ներառյալ՝ սեռական բռնությունը, և սեռական բռնության մեջ մեղավորներին ներկայացնում ենք Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը վերաբերող ՄԱԿ-ի պատժամիջոցների կոմիտեին։ Այն զսպող դեր է խաղում այլոց համար՝ զերծ մնա նման բռնություն գործադրելուց, [և] ամրապնդում է օրենքի գերակայությունը, մեծացնում է հաշտեցման հավանականությունը, այլ կերպ ասած՝ շատ առումներով ճիշտ քայլ է»։
«Երկրորդը՝ վերապրածների պաշտպանությանը և նրանց իրավունքների ու կարողությունների հզորացմանն ուղղված թիրախային գործողություններն են։ «Այն նշանակում է լսել բռնության զոհերին, արձագանքել նրանց հատուկ կարիքներին և տրամադրել անհրաժեշտ բժշկական օգնություն, հոգեսոցիալական աջակցություն և իրավական միջոցներ»,- ասել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը։
«Եվ վերջապես, պետք է ընդունենք, որ գենդերային բռնության հիմքում ընկած է գենդերային անհավասարությունը։ Եթե մենք ցանկանում ենք լուծել սեռական բռնության խնդիրը, պետք է հասկանանք դրա հիմքում ընկած սոցիալական նորմերը և համակարգային անհավասարությունները, որոնք, երբ զուգորդվում են թույլ կամ բացակայող պետական ինստիտուտների հետ, հանգեցնում են այդպիսի բռնության»։
«Երկարաժամկետ հեռանկարում … լավագույն պաշտպանությունը իրավահավասար հասարակությունն է, ուր հարգվում են մարդու իրավունքները, ուր կանայք ու աղջիկները կարող են օգտվել կրթական հնարավորություններից, և ուրյուրաքանչյուր ոք կարող է հույսը դնել օրենքի հիման վրա գործող հավասար արդարադատության վրա»,- ասել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը։ «Հանուն միլիոնավոր ու միլիոնավոր կանանց, որոնց պատմությունները չեն հնչել … եկեք պատասխանատվության ենթարկենք մեղավորներին։ Եվ եկեք մեր աշխատանքում հատուկ ուշադրություն դարձնենք վերապրածներին»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։