Accessibility links

Breaking News

Արդարության հաստատում Միավորված ազգերի կազմակերպությունում


Displays show the list of countries taking part in voting on suspending Russia from the United Nations Human Rights Council. April 7, 2022.
Displays show the list of countries taking part in voting on suspending Russia from the United Nations Human Rights Council. April 7, 2022.

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի անդամակցության կասեցմանը։

Սա ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում որևէ պետության մասնակցության դադարեցման երկրորդ և Անվտանգության խորհրդի մշտական անդամի մասնակցության կասեցման առաջին դեպքն է։

Բանաձևը, որն ընդունվել է 93 կողմ, 24 դեմ և 54 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, արձանագրել է «խորը մտահոգություն Ուկրաինայում շարունակվող մարդու իրավունքների և մարդասիրական ճգնաժամի առնչությամբ, մասնավորապես՝ կապված Ռուսաստանի Դաշնության կողմից մարդու իրավունքների խախտումների ու ոտնահարումների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների հետ, ներառյալ՝ մարդու իրավունքների կոպիտ և համակարգված խախտումները և ոտնահարումները»։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու նախաձեռնությունը գլխավորել է Ուկրաինան՝ աշխարհի բոլոր տարածաշրջաններից գործընկերների հետ միասին, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, երբ ի հայտ եկան Բուչայում և Կիևի մերձակա այլ քաղաքներում խաղաղ բնակիչների խոշտանգումների և սպանությունների սարսափելի կադրեր՝ այդ տարածքներից ռուսական զորքերի նահանջից հետո։

Հաջող քվեարկությունից հետո ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է. «Այսօր միջազգային հանրությունը մեկ հավաքական քայլ կատարեց ճիշտ ուղղությամբ։ Մենք երաշխավորեցինք, որ մարդու իրավունքների մշտական և կոպիտ խախտողին թույլ չտրվի ՄԱԿ-ում ղեկավար պաշտոն զբաղեցնել մարդու իրավունքների ոլորտում։ Եկեք շարունակենք Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել այս չհրահրված, անարդար և անխիղճ պատերազմի համար»։

Միացյալ Նահանգները նախկինում հնչեցրել է գնահատական, որ Վլադիմիր Պուտինի զինվորականները ռազմական հանցագործություններ են կատարել Ուկրաինայում։ Միացյալ Նահանգներն իր դաշնակիցների և գործընկերների հետ աջակցում է Մարդու իրավունքների խորհրդի հետաքննող հանձնաժողովի՝ ռազմական հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար ապացույցներ հավաքելու ջանքերին։

Ողջունելով Գլխավոր ասամբլեայի որոշումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել է. «Սխալը շտկվել է։ Այն վայրագությունները, որոնց ականատես է աշխարհը, ռազմական հանցագործությունների հերթական ապացույցն են, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Ռուսաստանը չպետք է լինի մի մարմնի անդամ, որի գլխավոր խնդիրն է պաշտպանել մարդու իրավունքները», իր հայտարարության մեջ գրել է նա։

Պետքարտուղար Բլինքենը հայտարարել է, որ քվեարկելով Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու օգտին, «աշխարհը ևս մեկ հստակ ազդակ է ուղարկում առ այն, որ Ռուսաստանը պետք է անհապաղ և անվերապահորեն դադարեցնի Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմը և հարգի ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված սկզբունքները»։ Միջազգային հանրությունը կշարունակի պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին..., իսկ Միացյալ Նահանգները կշարունակի սատարել Ուկրաինայի ժողովրդին՝ հանուն ինքնիշխանության, ժողովրդավարության և ազատության իր պայքարում»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG