Accessibility links

Breaking News

ՄԱԿ-ի բանաձևի ընդունումը չի փոխի պաղեստինցիների վիճակը


ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդը դեմ է քվեարկել բանաձեւին ՄԱԿ-ի կենտրոնակայանում Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, 18 ապրիլի, 2024թ.
ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդը դեմ է քվեարկել բանաձեւին ՄԱԿ-ի կենտրոնակայանում Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, 18 ապրիլի, 2024թ.

Այս մայիսի 10-ին ՄԱԿ-ի 193 անդամներից բաղկացած Գլխավոր ասամբլեան քվեարկեց կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեցող Պաղեստին պետությանը նոր իրավունքներ և արտոնություններ շնորհող բանաձևի օգտին։

Ասամբլեան նաև քվեարկությամբ առաջարկել է Անվտանգության խորհրդին վերանայել ՄԱԿ-ին անդամակցելու Պաղեստինի հայցադիմումը։ Այս բանաձևն ընդունելով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատեց Պաղեստինի լիիրավ անդամակցության իրավունքը։

Բանաձևն ընդունվել է 143 կողմ ձայնով, ինչը զգալիորեն գերազանցում է փաստաթղթի ընդունման համար անհրաժեշտ 118 ձայնը։ Ինը անդամ-պետություն դեմ է քվեարկել, մեկը՝ Միացյալ Նահանգներն է։ Պատճառն այն է, որ բանաձևի ընդունումը պաղեստինցիների համար շոշափելի փոփոխությունների չի հանգեցնի։

«Տարածաշրջանում կայուն խաղաղության կարելի է հասնել միայն երկու պետության համակեցության միջոցով՝ Իսրայելի անվտանգության երաշխիքների ապահովմամբ, և իսրայելցիներն ու պաղեստինցիները կկարողանան գոյակցել ազատության և արժանապատվության հավասար պայմաններում»,- հայտարարել է ՄԱԿ-ում հատուկ քաղաքական հարցերով ԱՄՆ այլընտրանքային ներկայացուցիչ Ռոբերթ Վուդը։ «ԱՄՆ-ն նախկինի պես կարծում է, որ ՄԱԿ-ում և տեղում միակողմանի քայլերը մեզ չեն մոտեցնի այդ նպատակին»։

«Քվեարկության ժամանակ մեր դիրքորոշումը չի արտացոլում Պաղեստինի պետականության մերժումը. հստակ ցույց ենք տվել, որ աջակցում ենք դրան և ձգտում ենք դրա ողջամիտ առաջխաղացմանը։ Ընդհակառակը, այդ կերպ ընդունում ենք, որ պետականությունը հնարավոր կլինի միայն կողմերի միջև ուղիղ բանակցություններ ենթադրող գործընթացի արդյունքում»։

«Չկա որևէ այլ ճանապարհ, որը կերաշխավորի Իսրայելի անվտանգությունն ու ապագան՝ որպես ժողովրդավարական հրեական պետություն»,- ասել է դեսպան Վուդը։ «Չկա որևէ այլ ճանապարհ, որը կերաշխավորի պաղեստինցիների՝ սեփական պետությունում խաղաղ և արժանապատվորեն ապրելու հնարավորությունը։ Եվ չկա այլ ճանապարհ, որը կհանգեցնի տարածաշրջանային ինտեգրացիայի Իսրայելի և նրա բոլոր արաբ հարևանների միջև»։

«Միացյալ Նահանգները հանձնառու է ակտիվացնել իր փոխգործակցությունը պաղեստինցիների և տարածաշրջանի հետ՝ քաղաքական կարգավորումը խթանելու ուղղությամբ, որը ճանապարհ կհարթի պաղեստինյան պետականության և ՄԱԿ-ին հետագա անդամակցության համար։

«Միացյալ Նահանգները շարունակելու է հանդես գալ այն միջոցների դեմ, որոնք խարխլում են երկու պետությունների համակեցության հիման վրա կարգավորման հեռանկարը»,- հայտարարել է դեսպան Վուդը։

«Գտնում ենք, որ «երկու պետություն» մոդելը տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու, ինչպես նաև իսրայելցիների և պաղեստինցիների անվտանգության ապահովման լավագույն միջոցն է։ ԱՄՆ-ն այն տեսակետին է, որ Պաղեստինի ժողովրդի համար պետականության հասնելու և ՄԱԿ-ին անդամակցելու ամենաարագ ճանապարհն Իսրայելի և Պաղեստինի վարչակազմի միջև ուղիղ բանակցություններն են՝ Միացյալ Նահանգների և այլ գործընկերների աջակցությամբ»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG