Accessibility links

Breaking News

Ագրեսորները չպետք է հաղթեն


ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումը Պրահայի Չեռնին պալատում. 31 մայիսի, 2024 թ.
ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումը Պրահայի Չեռնին պալատում. 31 մայիսի, 2024 թ.

Ելույթ ունենալով Պրահայում` ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն հայտարարել է. «[Այժմ] վճռորոշ պահ է անդրատլանտյան անվտանգության համար»։

«Գիտենք, եթե թույլ տանք, որ ռուսական ագրեսիան Ուկրաինայում անպատիժ շարունակվի, այն կանգ չի առնի Ուկրաինայում։ Եվ աշխարհի այլ մասերում այլ հավանական ագրեսորներ դա հաշվի կառնեն ու կփորձեն առաջ տանել իրենց ագրեսիան։ Շարունակելով ուժեղացնել Ուկրաինան, շարունակելով ցույց տալ մեր վճռականությունը՝ համոզվելու, որ այն կարող է արդյունավետ կերպով պաշտպանել իրեն, նաև ամրապնդում ենք Միացյալ Նահանգների, Եվրոպայի, ողջ աշխարհի ազատ երկրների անվտանգությունը»։

Պետքարտուղար Բլինքենը նշել է, որ Ռուսաստանն ուժեղացնում է այսպես կոչված «հիբրիդային հարձակումները» հակամարտությանը մոտ գտնվող պետությունների դեմ։

«Մատակարարում իրականացնող պահեստներում հրկիզումներ և դիվերսիաներ, բալթյան երկրներում ծովային սահմանների և սահմանային գծի անտեսում, նոր կիբեռհարձակումներ, ապատեղեկատվության շարունակական տարածում։ ... Արտգործնախարարների այսօրվա հանդիպմանը գրեթե բոլոր դաշնակիցների ուշադրության կենտրոնում էր Ռուսաստանի հիբրիդային հարձակումների ակտիվացումը։ Գիտենք, թե ինչ են մտադիր անել, և անհրաժեշտության դեպքում կարձագանքենք ինչպես անհատապես, այնպես էլ հավաքական ուժերով»։

Պետքարտուղար Բլինքենի խոսքով, Չինաստանի աջակցությունը Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրին նույնպես լուրջ մտահոգության տեղիք է տալիս։

«Խոսքը ոչ թե Չինաստանից Ռուսաստանին զենք մատակարարելու, այլ կարևոր ռեսուրսների տրամադրման մասին է, որոնք թույլ են տվել Ռուսաստանին արագացնել տանկերի, հրթիռների և արկերի սեփական արտադրությունը։ ... Ինձ համար հստակ է, ինչը նշել եմ Պեկինում չինացի գործընկերների հետ հանդիպմանը, Չինաստանը չի կարող ակնկալել, որ մի կողմից կարող է բարելավել հարաբերությունները Եվրոպայի երկրների հետ, մյուս կողմից՝ սնել սառը պատերազմի ավարտից ի վեր եվրոպական անվտանգության ամենամեծ սպառնալիքը»։

Պետքարտուղար Բլինքենը նշել է, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ավելի քան հարյուր կազմակերպությունների դեմ, որոնք ներգրավված են Չինաստանի կողմից՝ Ուկրաինայում ռուսական ագրեսիային աջակցելու գործում, և Վաշինգտոնը կշարունակի այդպես վարվել՝ «ըստ անհրաժեշտության»։ Էնթոնի Բլինքենը ակնկալում է, որ Եվրոպան նույնպես քայլեր կձեռնարկի։

Հուլիսին Միացյալ Նահանգները կհյուրընկալի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը՝ «պատմության մեջ ամենահաջողված դաշինքի» ստեղծման 75-ամյակի առթիվ, նշել է պետքարտուղար Բլինքենը․ «Բայց է՛լ ավելի կարևոր է, որ կենտրոնանանք այն քայլերի ուղղությամբ, որոնք ձեռնարկում ենք՝ ապահովելու, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կատարի իր առաքելությունը առաջիկա 75 տարիներին և դիմակայի այսօրվա մարտահրավերներին ու այն մարտահրավերներին, որոնք սպասվում են մեզ վաղը»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG