Accessibility links

Breaking News

Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի 2020 թվականի ամենամյա զեկույցը Ռուսաստանի մասին


Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ Պետդեպարտամենտի վերջին զեկույցի համաձայն՝ Ռուսաստանում գործում է խիստ կենտրոնացված ավտորիտար քաղաքական համակարգ։

2020 թվականի ընթացքում երկրում արձանագրվել են մարդու իրավունքների տարաբնույթ խախտումներ՝ հաճախ վերին աստիճանի անպատժելիության մթնոլորտում։

Հաղորդումներ են եղել այն մասին, որ Ռուսաստանի կառավարությունը կամ նրա գործակալները կատարել կամ փորձել են կատարել կամայական կամ ապօրինի սպանություններ։ Առավել ցցուն օրինակ է 2020 թվականի օգոստոսին կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվիստ և ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորումը «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով։

Հավաստի տեղեկություններ են եղել նաև այն մասին, որ Ռուսաստանի իշխանությունները ազատազրկել են քաղբանտարկյալների, ինչպես նաև բերման են ենթարկել և հետապնդել անձանց քաղաքական դրդապատճառներով։ Ըստ որոշ հաղորդումների՝ քաղբանտարկյալները պահվում են ազատազրկման խիստ պայմաններում, իսկ երբեմն ենթարկվում են մեկուսի բանտարկության կամ հարկադրաբար տեղափոխվում են հոգեբուժական բաժանմունքներ, որտեղ նրանց նկատմամբ կիրառում են պատժիչ միջոցներ։

«Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության ներկայացրած ցուցակում դեկտեմբեր ամսվա դրությամբ ընդգրկված է եղել ռուսական քաղաքացիությամբ 358 քաղբանտարկյալ։ Այդուհանդերձ, կազմակերպության գնահատմամբ՝ երկրում քաղբանտարկյալների իրական թիվը կարող է լինել երկուսից երեք անգամ ավելի։

Ռուսաստանի կառավարությունը լուրջ չարաշահումներ է թույլ տվել նաև իր տարածքից դուրս, այդ թվում՝ Ղրիմի թերակղզում թաթարական բնակչության և այլ կրոնական ու էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ։ Իշխանություններն իրականացրել են նաև քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններ, կալանավորումներ և դատավարություններ Ուկրաինայի ղրիմաբնակ քաղաքացիների նկատմամբ, որոնցից շատերի պնդմամբ՝ իրենք ենթարկվել են խոշտանգումների։ Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի կառավարությունը շարունակել է անջատողականների զինումը, վերապատրաստումը և նրանց գործունեության վերահսկումը։ Ըստ դիտորդական առաքելությունների հավաստի տեղեկությունների՝ ուկրաինական Դոնբասի շրջանում ռուսամետ անջատողականների գործողությունների արդյունքում զոհվել և վիրավորվել են հազարավոր քաղաքացիական անձինք։

Ռուսաստանի իշխանությունները խիստ վերահսկողության տակ են պահում զանգվածային լրատվամիջոցները։ Ըստ Մարդու իրավունքների վերաբերյալ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցի՝ գրաքննությունը և ինքնագրաքննությունը համատարած բնույթ են կրել հեռուստատեսությունում, տպագիր մամուլում և համացանցում, հատկապես կառավարության կամ նրա քաղաքականության մասին քննադատական տեսակետների նկատմամբ։ Իրավապաշտպանների և խաղաղ ցուցարարների վրա հարձակումների դեպքերը հետաքննելու կամ հետապնդելու կառավարության անկարողությունն է՛լ ավելի է խորացրել Ռուսաստանում հավաքների և միավորումների ազատության իրավունքի ոտնահարումները։

Ռուսաստանի իշխանությունները շարունակել են չարաշահել այդ երկրում ծայրահեղականության ընդգրկուն սահմանումը՝ միավորման ազատությունը և կրոնի կամ համոզմունքի ազատությունը ճնշելու նպատակով։ 2017 թվականին Գերագույն դատարանը քրեականացրել է Եհովայի վկաների անդամների գործունեությունը՝ երկրում արգելելով Եհովայի վկաների իրավաբանական անձանց ցանկացած գործունեություն և փաստացի արգելելով նրանց դավանանքը։ Կրոնական կազմակերպության հետևորդները ենթարկվել են ազատազրկման, կալանավորման, տնային կալանքի կամ քրեական հետապնդման՝ «Արգելված ծայրահեղական կազմակերպության» գործունեությանը մասնակցելու համար։

Երբ որևէ երկիր, ներառյալ՝ Ռուսաստանը, «փորձում է խարխլել» մարդու հիմնարար իրավունքները, «մենք վճռականորեն խոսում ենք այդ մասին», ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG