Accessibility links

Breaking News

Բայդենի ելույթը Մեծ քսանյակի գագաթնաժողովին


«Մեծ քսանյակի»՝ աշխարհի քսան խոշոր տնտեսությունների առաջնորդները գրեթե երկու տարվա ընթացքում առաջին դեմ առ դեմ հանդիպման ժամանակ քննարկել են մի շարք կարևորագույն հարցեր, որոնք անհրաժեշտ է լուծել աշխարհում Քովիդ-19-ի համավարակը հաղթահարելու պայմաններում։

Ինչպես նշել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, սա «դժվար տարի էր, որը նշանավորվեց լրջագույն գլոբալ մարտահրավերներով, որոնցից առավել կարևորներն էին համավարակի դադարեցումը, համաշխարհային տնտեսության լայնածավալ ու կայուն վերականգնման ապահովումը և կլիմայական ճգնաժամի հաղթահարումը»։

«Կարծում եմ, որ մենք շոշափելի առաջընթաց ենք գրանցել բոլոր այս հարցերի ուղղությամբ, մասամբ շնորհիվ Միացյալ Նահանգների կողմից օրակարգ բերված հանձնառության»։

Առավել լուրջ քննարկումների առարկա են դարձել համաշխարհային տնտեսությունն անկումից դուրս բերելու հնարավոր ուղիները։ Տնտեսության վերականգնմանը խոչընդոտող հիմնական խնդիրների թվում են մատակարարման շղթաների խափանումների հետևանքով համաշխարհային առևտրի դանդաղումը և անդրազգային կորպորացիաների կողմից հարկերից խուսափումը։

Նախագահ Բայդենը նշել է, որ Քովիդ-19-ի համավարակը հանգեցրել է մատակարարման շղթաներում զանգվածային խափանումների։

«Ես հենց նոր ավարտեցի դաշնակիցների լայն շրջանակի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկել ենք, թե ինչպես լուծել մատակարարման շղթաների հետ կապված հրատապ խնդիրները, որոնք ծառացել են աշխարհի առջև, … և թե ինչպես ապագայում ավելի լավ պաշտպանվել այսօրինակ ցնցումներից՝ լինի դա համավարակ, կլիմայի փոփոխություն կամ այլ աղետներ»։

«Մեծ քսանյակի» երկրների առաջնորդները խոստացել են ուշադրության կենտրոնում պահել ընթացիկ խնդիրները, ներառյալ՝ մատակարարման շղթաների խափանումները, և շարունակել տնտեսության վերականգնմանն ուղղված խթանիչ միջոցառումները ազգային մակարդակում։

Միևնույն ժամանակ նրանք պայմանավորվել են աննախադեպ միջազգային հարկային բարեփոխումների շուրջ՝ առավել արդար և կայուն հարկային համակարգ ստեղծելու նպատակով։ Այդ բարեփոխումները նախատեսում են 15 տոկոս գլոբալ նվազագույն հարկ անդրազգային ընկերությունների համար՝ կանխելու նրանց կողմից շահույթի տեղափոխումը ավելի մեղմ հարկային ռեժիմով երկրներ։ Բարեփոխումները ներառում են նաև հարկային իրավունքների մասնակի վերաբաշխում՝ արտացոլելու ժամանակակից գործարար աշխարհի իրողությունները։

«Սա անհավանական ձեռքբերում է մեր բոլոր երկրների համար», ասել է նախագահ Բայդենը։

«Որպեսզի երկրները չմրցակցեն միմյանց հետ ներդրումներ ներգրավելու համար կորպորատիվ հարկերի դրույքաչափերի նվազեցման միջոցով, սահմանվում է 15 տոկոս նվազագույն շեմ, որի շնորհիվ խոշորագույն կորպորացիաներն իրենց շահույթը արտերկրում թաքցնելու փոխարեն կսկսեն վճարել արդար մասնաբաժին՝ անկախ նրանից, թե որտեղ են տեղակայված»։

«Սա հիրավի պատմական բեկումնային պահերից մեկն է», նշել է նախագահ Բայդենը։ «Շուրջն ամեն ինչ փոխվում է։ Այնքան շատ խաղաքարեր են տեղաշարժվում շախմատի տախտակի վրա։ Իսկ թե դրանք ինչ դիրքեր կգրավեն, կախված է մեր որոշումներից և թե արդյոք Միացյալ Նահանգները և մյուս երկրները կկարողանան աշխարհը տանել այն ուղղությամբ, որը կբերի մեր երկրում և արտասահմանում աշխատողների ավելի բարձր կենսապայմանների ապահովմանը»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG