Հաշվի առնելով կլիմայական ճգնաժամին դիմակայելու հրատապ քայլերի անհրաժեշտությունը՝ այժմ եկել է ստանձնած պարտավորություններն իրագործելու ժամանակը՝ կյանքի կոչելով կենսակերպի պաշտպանության միջոցներ, ստեղծելով միլիոնավոր նոր աշխատատեղեր և գործելով հանուն ավելի առողջ և մաքուր մոլորակի։
Համաժողովի մասնակից գրեթե 200 երկրները նպատակ էին հետապնդում սահմանափակել գլոբալ միջին ջերմաստիճանային աճը մինչև 1.5 աստիճան ըստ ցելսիուսի՝ մինչև 2030 թվականը նվազեցնելով ածխաթթու գազի արտանետումները առնվազն 45 տոկոսով, դարի կեսերին արտանետումները հասցնել զրոյական մակարդակի, ինչպես նաև կտրուկ կրճատել այլ ջերմոցային գազերը։
Այժմ մենք պատրաստվում ենք Եգիպտոսի Շարմ-էլ-Շեյխ քաղաքում նոյեմբերին կայանալիք COP27 համաժողովին «այդ «եթե»-ները հրամայականների վերածելու նպատակով», ասել է կլիմայի հարցերով նախագահի հատուկ դեսպանորդ Ջոն Քերին։
Ժամանակն է գործի դնել «Ի լրումն իրագործմանը» ծրագիրը։ «Դա նշանակում է առկա պարտավորությունների կատարում, թերի ձևակերպված պարտավորությունների ամրապնդում, ինչպես նաև դեռևս գոյություն չունեցող նոր պարտավորությունների և ջանքերի ստանձնում», նշել է պարոն Քերին։ «Երկրները, որոնք ներկայացնում են համաշխարհային համախառն ներքին արդյունքի 65 տոկոսը, արդեն ստորագրել են 1.5 աստիճանի խոստումը երաշխավորելուն ուղղված նպատակները։ Այսօր այդ երկրները պետք է կյանքի կոչեն այդ պարտավորությունները»։
Ինչ վերաբերում է ծրագրի «ի լրումն» մասին, տնտեսությունների 35 տոկոսը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի՝ համապատասխան այն քայլերին, որոնք, ըստ գիտնականների, անհրաժեշտ են գոյատևման համար։
Իրագործման ենթակա մի շարք այլ պարտավորությունների թվում են Մեթանի գլոբալ արտանետումների կրճատմանն ուղղված ծրագիրը, զրոյական արտանետումներով նավագնացության մասին հռչակագրերը, փուլային եղանակով ածխից հրաժարումը, ինչպես նաև հանածո վառելիքի սուբսիդավորման և անտառահատումների դադարեցումը, ասել է պարոն Քերին։ «Ի լրումն իրագործմանը» ծրագիրը վերաբերում է բոլոր երկրներին», հավելել է նա։
Բացի այդ, նա կոչ է արել աշխարհին օգնել պաշտպանել խոցելի մարդկանց և համայնքներին կլիմայի փոփոխության հետևանքներից։
«Բազմաթիվ վայրերում կյանքն ընթանում է սովորական հունով, մարդիկ նախընտրում են նվազագույն դիմադրության ուղին… Մենք պետք է կոտրենք այդ կաղապարը։ Ոչինչ չի կարող արդարացնել նույն կենսակերպով շարունակել ապրելը՝ հաշվի առնելով մեր առջև ծառացած լրջագույն մարտահրավերները», հայտարարել է պարոն Քերին։
«Մենք ունենք ճանապարհային քարտեզ և պարզապես պետք է հետևենք դրան»։
«Ապագան կախված է մեզանից յուրաքանչյուրից՝ մեր գործողությունից կամ անգործությունից»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։