Accessibility links

Breaking News

Մեծ յոթնյակի երկրները և ԵՄ-ն արդարացիորեն դատապարտում են լցանավի վրա հարձակումը


Հետզհետե ավելի մեծ թվով երկրներ պաշտոնապես դատապարտում են Իրանի վարչակարգը Օմանի ափամերձ միջազգային ջրային տարածքով խաղաղ անցնող «Mercer Street» լցանավի վրա հարձակման հետ կապված, որի արդյունքում զոհեր են եղել։

Մեծ յոթնյակի երկրների՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարները և Եվրամիության բարձր ներկայացուցիչը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով դատապարտել են հուլիսի 29-ին անօդաչու թռչող սարքով կանխամտածված և թիրախային հարձակումն առևտրային նավի վրա՝ նշելով, որ առկա բոլոր ապացույցները սլաքներն ուղղում են դեպի Իրան։

Հարձակման արդյունքում զոհվել են անձնակազմի երկու անդամներ՝ ռումինացի նավապետը և անվտանգության ծառայության բրիտանացի մեկ սպա։

«Դա կանխամտածված և թիրախային հարձակում էր և միջազգային իրավունքի բացահայտ խախտում», ասվում է Մեծ յոթնյակի արտգործնախարարների հայտարարության մեջ։ «Բոլոր առկա ապացույցները հստակ մատնանշում են Իրանը։ Այդ հարձակումն արդարացում չունի»։

ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունն ուսումնասիրել է անօդաչու սարքի բեկորները և պարզել, որ դրա «ներքին բաղադրիչները… գրեթե նույնական են մեկանգամյա օգտագործման իրանական հարվածային անօդաչու թռչող սարքերի ավելի վաղ հավաքված նմուշների հետ»։ Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի իշխանություններին և այլ գործընկերներին ու դաշնակիցներին տրվել է ապացույցներին ծանոթանալու հնարավորություն։ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է. «Հավաքված ապացույցների հիման վրա ամերիկացի փորձագետները եզրակացրել են, որ տվյալ ԱԹՍ-ն արտադրվել է Իրանում»։

Իրանի անօդաչու անհիմն հարձակումից ընդամենը օրեր անց տարածաշրջանում տեղի ունեցավ մեկ այլ նավի վրա հարձակում, երբ մի խումբ զինված անձինք գրավեցին Պանամայի դրոշի ներքո նավարկող «Asphalt Princess» լցանավը։ Լրագրողների հետ ճեպազրույցում Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը նշել է. «Մենք կարծում ենք, որ այդ անձնակազմը Իրանի քաղաքացիներ են, սակայն այս պահին չենք կարող դա հաստատել»։ Այդուհանդերձ, նա շեշտել է, որ Իրանը ցուցաբերում է «ռազմատենչ գործելաոճ, որն արտահայտվում է տարածաշրջանում միջնորդավորված հարձակումներով, ծովում խաղաղ պայմաններում հարձակումներով և հարձակումների փորձերով, որոնք վերջին տարիներին հաճախակի են դարձել»։

Իր հայտարարության մեջ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծել է. «Այս գործողությունները սպառնում են նավագնացության ազատությանը, միջազգային բեռնափոխադրումներին և առևտրին, ինչպես նաև այդ նավերի վրա գտնվող մարդկանց կյանքին»։ Նա նշել է, որ տարածաշրջանի երկրների գործընկերների և կառավարությունների հետ խորհրդակցություններից հետո «համապատասխան արձագանքը չի ուշանա»։

Մեծ յոթնյակի երկրները նաև հայտարարել են, որ «Իրանի վարքը սպառնում է միջազգային խաղաղությանը և անվտանգությանը»։ «Մենք կոչ ենք անում Իրանին վերջ տալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին հակասող բոլոր գործողություններին, ինչպես նաև կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային կայունության և խաղաղության ամրապնդման գործում»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կա

XS
SM
MD
LG