Accessibility links

Breaking News

ԿՐՈՆԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Պետդեպարտամենտը վերջերս հրապարակել է Միջազգային կրոնական ազատության մասին իր 23-րդ զեկույցը։

Ինչպես մեկնաբանել է Միջազգային կրոնական ազատության հարցերով գրասենյակի ավագ աշխատակից Դենիել Նեյդելը, այդ զեկույցները ցույց են տալիս յուրաքանչյուրի համար կրոնի և համոզմունքի ազատությունը խթանելու և պաշտպանելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը։

Դա «բարոյական հրամայական է», շեշտել է Նեյդելը.

«Որպես պետություն՝ մենք անգնահատելի օգուտ ենք քաղում մեր Սահմանադրության Առաջին փոփոխությունից բխող պաշտպանությունից, և միանգամայն բնական է, որ ցանկանում ենք, որպեսզի ուրիշներն էլ օգտվեն այդպիսի փորձառությունից»։

Օրինակ՝ մենք եկել ենք եզրակացության, որ կրոնական խոսքի կամ արտահայտման սահմանափակումը կամ նույնիսկ քրեականացումը հանդուրժողականության և կրոնական ներդաշնակության խթանման լավագույն միջոցը չէ, ասել է ավագ աշխատակից Նեյդելը.

«Թեև աստվածանարգության մասին օրենքները հատկապես վնասակար են, մեզ նաև մտահոգում են օրենքները, որոնք կարգավորում են կրոնական հանդերձանք կամ խորհրդանիշներ կրելու կամ չկրելու անձի հնարավորությունը, կամ օրենքները, որոնք քրեականացնում են դավանափոխությունը կամ սահմանափակում են իրենց երեխաների համար կրոնական կրթություն ապահովելու ծնողների հնարավորությունը»։

Պետության կողմից կրոնական կյանքի չափից ավելի կարգավորումն օտարացնում է քաղաքացիներին իրենց կառավարություններից և մեծացնում է բռնության հավանականությունը, բացատրել է պարոն Նեյդելը.

«Մի շարք երկրների իշխանությունները շարունակում են սահմանափակել կրոնական ինքնարտահայտումը կրոնական կազմակերպությունների գրանցման օրենքների կամ նյութերի սահմանափակումների միջոցով։ Այժմ մենք ավելի ու ավելի հաճախ ենք տեսնում, որ կառավարություններն օգտագործում են նույն մարտավարությունը ինտերնետում, որտեղ պաշտոնատար անձինք աչալրջորեն հետևում և խիստ գրաքննության են ենթարկում կրոնի արտահայտումն առցանց տիրույթում, ինչպես նաև ձերբակալում կամ հետապնդում են կրոնի կամ համոզմունքի վերաբերյալ առցանց քննարկումներում ներգրավված անձանց»։

Պարոն Նեյդելը նախազգուշացրել է, որ աշխարհը պետք է զգոն լինի երկրագնդի վրա հնարավոր զանգվածային վայրագությունների առաջին իսկ նշանների նկատմամբ։ «Ընդամենը մի քանի տարվա ընթացքում մենք ականատես ենք եղել հյուսիսային Իրաքում և Սիրիայում եզդիների, քրիստոնյաների և էթնիկ ու կրոնական այլ փոքրամասնությունների նկատմամբ ԴԱԵՇ-ի կողմից իրականցված ցեղասպանության։ Մենք տեսել ենք զանգվածային վայրագություններ, այդ թվում՝ էթնիկ զտումներ, որոնք իրականացրել են բիրմացի զինվորականները ռոհինջա ժողովրդի նկատմամբ»։ Իսկ Չինաստանում կառավարությունն իրականացնում է «մարդկության դեմ հանցագործություններ և ցեղասպանություն» ընդդեմ «մահմեդական ույղուրների և Սինցզյանի այլ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների»։

«Միացյալ Նահանգները հաստատակամ են կիրառելու դրական և պատժիչ բոլոր հնարավոր գործիքները՝ [կրոնական ազատությունը] խթանելու համար», հայտարարել է պարոն Նեյդելը։ «Աշխարհի բազմաթիվ մարդկանց և համայնքների համար, որոնց պատմություններով համալրված է այս զեկույցը, այսօր ունենք հստակ ուղերձ՝ մենք տեսնում ենք ձեզ, լսում ենք ձեզ և չենք հանգստանա, մինչև դուք չստանաք արժանապատիվ և խաղաղ ապրելու ազատություն»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG