«Ռուսական հարվածները հասցվում են դպրոցներին, հիվանդանոցներին և բնակելի շենքերին։ Դրանք ոչնչացնում են կենսական կարևոր ենթակառուցվածքները, որոնք ապահովում են ամբողջ Ուկրաինայում միլիոնավոր մարդկանց խմելու ջրով, ջեռուցման համար գազով, որպեսզի նրանք չմահանան ցրտից, և էլեկտրաէներգիայով։ Գնդակոծվել են քաղաքացիական ավտոբուսներ, ավտոմեքենաներ, նույնիսկ շտապօգնության մեքենաներ։ Ռուսաստանը դա անում է ամեն օր Ուկրաինայի ամբողջ տարածքում»։
«Դրանք ռազմական թիրախներ չեն։ Դրանք այն վայրերն են, որտեղ աշխատում են քաղաքացիական անձինք և ապրում են ընտանիքներ։ Ռուսաստանի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն հարյուր խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ, և հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, և [ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար] Միշել Բաչելեթն ասել է, որ իրական թվերը, իր կանխատեսմամբ, շատ ավելի բարձր կլինեն», հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։
Հարցին, թե արդյոք իր կարծիքով Ռուսաստանը դիտավորյալ է թիրախավորում խաղաղ բնակիչներին, պետքարտուղար Բլինքենը պատասխանել է, որ իսկապես այդպես է։
«Նախկինում մենք հստակ տեսել ենք, որ պատերազմի վարման Ռուսաստանի մեթոդներից մեկը բացարձակ դաժանությամբ տվյալ երկրի քաղաքացիներին ահաբեկելն է, և դա ներառում է առնվազն թիրախային հարվածներ չկիրառելու գործելակերպ և գուցե միտումնավոր թիրախավորում»։
Մարտի 1-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանում, պետքարտուղար Բլինքենը նշել է, որ ազգերի հանրությունը, «պարտավոր է հաստատակամ և միասնական ուղերձ հղել, որ նախագահ Պուտինը պետք է առանց նախապայմաններ առաջադրելու դադարեցնի այս չհրահրված հարձակումը … և անհապաղ դուրս բերի ռուսական զորքերը Ուկրաինայից»։
«Մենք պետք է վճռականորեն և միանշանակ դատապարտենք Ռուսաստանի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը տապալելու փորձը, ինչպես և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները։ Եվ մենք պետք է քայլեր ձեռնարկենք մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»։
«Մենք պետք է ընդգծենք, որ նույնիսկ այս անօրինական ներխուժման պարագայում Ռուսաստանը պարտավոր է հարգել միջազգային մարդասիրական իրավունքը։ … Մենք պետք է մերժենք Ռուսաստանի փորձերը՝ կեղծ արդարացնելու այս հարձակումը՝ ներկայացնելով այն որպես մարդու իրավունքների պաշտպանություն, ինչը վարկաբեկում է եզրույթները, որոնք մենք կիրառում ենք վատթարագույն վայրագությունների համար, և վիրավորում է այդ հանցագործությունների յուրաքանչյուր զոհի արժանապատվությունը»։
«Եվ վերջապես, մենք պարտավոր ենք ճնշում գործադրել Կրեմլի վրա, որպեսզի նա հարգի բոլոր ռուսաստանցիների իրավունքները, ներառյալ՝ իրենց անհամաձայնությունը խաղաղ ճանապարհով հայտնելու քաղաքացիների իրավունքը և լուրերը հաղորդելու լրագրողների իրավունքը, և տեղեկատվություն տրամադրի ռուսական զինվորների ընտանիքներին, որոնք արժանի են իմանալու նախագահ Պուտինի ընտրությամբ այս պատերազմում զոհված իրենց հարազատների ճակատագրի մասին», ասել է պետքարտուղար Բլինքենը։
«Մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում այս պահին, ներառյալ այն, թե ինչ է տեղի ունենում խաղաղ բնակչության հետ։ Մենք այդ ամենը հաշվի ենք առնում և արձանագրում ենք։ Եվ մենք ցանկանում ենք համոզվել, որ ի թիվս այլնի, պատասխանատվության կենթարկվեն նաև դրա համար»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։