Accessibility links

Breaking News

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները ավելի միասնական են, քան երբևէ


Ինչպես ցույց տվեց նախագահ Ջո Բայդենի վերջին այցը Եվրոպա, եթե Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում սանձազերծած պատերազմի նպատակներից մեկը ՆԱՏՕ-ի և արևմտյան դաշնակիցների միջև պառակտումն էր, ապա նրան խորը հիասթափություն է սպասվում։

«ՆԱՏՕ-ն դեռ երբեք այնքան միասնական չի եղել, որքան այսօր», հայտարարել է Նախագահ Բայդենը Բրյուսելում Դաշինքի անդամ երկրների ղեկավարների հանդիպումից հետո, որոնք հավաքվել էին՝ քննարկելու Ռուսաստանի չհրահրված և չարդարացված ագրեսիան։ Հանդիպման արդյունքների մասին իրենց համատեղ հայտարարության մեջ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարները վերահաստատել են, որ դատապարտում են Ուկրաինա ռուսական ներխուժումը, որը, նրանց խոսքերով, սպառնում է համաշխարհային անվտանգությանը և միջազգային կարգին։ Ղեկավարները կոչ են արել Կրեմլին անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատել և լուրջ բանակցություններ վարել ուկրաինական կողմի հետ։ Նրանք ընդգծել են իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Դաշինքի ղեկավարները խոստացել են շարունակել համակարգված միջազգային ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և հայտարարել են Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածով ամրագրված սկզբունքին իրենց անսասան հավատարմության մասին։ Նրանք հաստատել են ՆԱՏՕ-ի արևելյան թևում 40,000 զինվորների, ինչպես նաև լրացուցիչ չորս ստորաբաժանումների տեղակայումը Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Սլովակիայում՝ արևելյան ճակատն ամրապնդելու համար։ «Մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները և ընդունում որոշումներ՝ ապահովելու ամբողջ Դաշինքի անվտանգությունն ու պաշտպանությունը բոլոր տարածաշրջաններում», ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

«Պուտինը ստանում է ճիշտ հակառակը այն արդյունքի, որն ակնկալում էր՝ հարձակվելով Ուկրաինայի վրա», շեշտել է նախագահ Բայդենը։

Նույն միասնությունը և համախմբվածությունը դրսևորվել է, երբ նախագահ Բայդենը հանդիպել է «Մեծ յոթնյակի» երկրների և Եվրոպական խորհրդի առաջնորդների հետ։ «Մեծ յոթնյակը» համաձայնել է ամբողջությամբ իրականացնել Ռուսաստանի դեմ սահմանված կոշտ պատժամիջոցները։ Համատեղ հայտարարության մեջ նրանք պարտավորվել են «անհրաժեշտության դեպքում լրացուցիչ միջոցներ կիրառել՝ շարունակելով գործել միասնաբար, ինչպես դա անում ենք»։ Նրանք նաև պայմանավորվել են մեծացնել մարդասիրական օգնությունը Ուկրաինային և հարևան երկրներին։

ԵՄ առաջնորդների հետ բանակցություններից հետո նախագահ Բայդենը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել են նոր նախաձեռնության մասին, որի նպատակն է նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական հանածո վառելիքից և առավելագույնի հասցնել էներգիայի վերականգնվող աղբյուրների հասանելիությունը և օգտագործումը։

Վարշավայում իր այցի ժամանակ նախագահ Բայդենն ամփոփել է այն հետևանքները, որոնք Պուտինը բնավ չէր կանխատեսել Ուկրաինա ներխուժելիս. «Աշխարհի ժողովրդավար պետությունները նոր ոգի են առել մի քանի ամիսների ընթացքում ձեռքբերված այսպիսի նպատակասլացությամբ և միասնությամբ, որոնց հասնելու համար մեզանից ժամանակին տարիներ են պահանջվել։ Այժմ մենք պետք է գիտակցենք, որ մեր այս պայքարը երկար է տևելու։ Մենք պետք է միասնական լինենք թե՛ այսօր, թե՛ վաղը, թե՛ մյուս օրը և թե՛ գալիք տարիների և տասնամյակների ընթացքում»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG