Համակարգված ջանքերով ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան և Եվրամիությունը լրացուցիչ պատժամիջոցներ են սահմանել վարչակարգի և այն սատարողների դեմ։
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը «առանձնացրել է երեք օդանավ՝ որպես սառեցված սեփականություն, և 32 ֆիզիկական և իրավաբանական անձանց անուններ, որոնք աջակցում են վարչակարգին և նպաստում դրա բռնաճնշումներին»։ ԱՄՆ-ի կողմից ընդլայնված պատժամիջոցները նաև սահմանափակում են Բելառուսի մուտքը կապիտալի միջազգային շուկաներ՝ սահմանափակումներ դնելով երկրի սուվերեն պարտքի հետ կապված որոշակի գործարքների վրա:
Մեծ Բրիտանիան նշել է Բելառուսի ութ քաղաքացու անուններ, որոնք պատասխանատու են բռնաճնշումների և մարդու իրավունքների խախտումների համար, և սառեցրել կալիումական պարարտանյութերի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը հանդիսացող «Բելառուսկալի» ԲԲԸ-ի ակտիվները։
Կանադան պատժամիջոցներ է սահմանել 24 ֆիզիկական և 7 իրավաբանական անձանց նկատմամբ՝ ի պատասխան մարդու իրավունքների շարունակվող ոտնահարումների։ Նոր միջոցառումներն ուղղված են զբոսաշրջության, ռազմական և պաշտպանության ոլորտներում ընդգրկված բելառուսական կազմակերպությունների, ինչպես նաև անվտանգության ծառայությունների դեմ։
Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել 17 ֆիզիկական և 11 իրավաբանական անձանց նկատմամբ, այդ թվում՝ «Բելառուսնեֆտ» նավթ արդյունահանող ընկերության դեմ։ Ի թիվս այլ սուբյեկտների՝ ԵՄ-ն թիրախավորել է այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Բելավիա» պետական ավիափոխադրողը և «Ցենտրկուրոտ» պետական զբոսաշրջային ընկերությունը, որոնց օգնությամբ վարչակարգը խթանել է Լեհաստանի, Լատվիայի և Լիտվայի հետ Բելառուսի սահմաններով ԵՄ մուտք գործել ցանկացող տասնյակ հազարավոր անօրինական ներգաղթյալների ներհոսքը։
Պետքարտուղար Բլինքենը նշել է. «Այսօրվա գործողությունները ի ցույց են դնում մեր անսասան վճռականությունը՝ գործելու ընդդեմ դաժան վարչակարգի, որը սաստկացնում է բռնաճնշումները բելառուսների նկատմամբ, խաթարում է Եվրոպայում խաղաղությունն ու անվտանգությունը և շարունակում է բռնանալ մարդկանց վրա, որոնք սոսկ ցանկանում են ազատ ապրել։ Այս պատժամիջոցները նաև պատասխան են Լուկաշենկոյի վարչակարգի կողմից այլ երկրներից խոցելի ներգաղթյալների անմարդկային շահագործմանը՝ ԵՄ պետությունների հետ իր երկրի սահմանով ներգաղթյալների ապօրինի մուտք գործելը կազմակերպելու համար»։
Պետքարտուղար Բլինքենը, մասնավորապես, կոչ է արել Լուկաշենկոյի վարչակարգին դադարեցնել բռնաճնշումները անկախ լրատվամիջոցների, քաղաքական ընդդիմության և այլ բելառուսների դեմ, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, բաց երկխոսություն վարել ժողովրդավարական ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ, դադարեցնել բնակչության խոցելի խմբերի շահագործումը, անցկացնել ազատ և արդար ընտրություններ միջազգային դիտորդության ներքո։
«Սատարելով Բելառուսի ժողովրդի՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը», Միացյալ Նահանգները կխստացնի Լուկաշենկոյի վարչակարգի օգտին բիզնես վարելու պահանջները՝ ի պատասխան Բելառուսի իշխանությունների անզիջողականության, հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։