Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ն և Եվրոպան միասին դիմակայում են Ռուսաստանի սպառնալիքին


1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո Միացյալ Նահանգները և Ռուսաստանը hամագործակցության եզրեր են գտել որոշակի ոլորտներում, ինչպիսիք են տիեզերական հետազոտությունները և զենքի վերահսկումը։

Վերջերս երկու երկրները 5 տարով երկարաձգեցին ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման պայմանագիրը, որը ստուգման ենթակա սահմանափակումներ է դնում ԱՄՆ-ում և Ռուսաստանում տեղակայված միջմայրցամաքային հեռահար միջուկային զենքի վրա։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ աշխատանքային հարաբերությունները չեն նշանակում, որ մենք փակում ենք մեր աչքերը այն վտանգի վրա, որը Ռուսաստանը ներկայացնում է Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների համար։

Ելույթ ունենալով 2021 թվականի Մյունխենի անվտանգության համաժողովում, որը կայացել է փետրվարի 19-ին առցանց ձևաչափով, Նախագահ Բայդենը նշել է, որ Միացյալ Նահանգները և Եվրոպան պետք է միասին դիմակայեն Ռուսաստանի սպառնալիքին.

«Կրեմլը հարձակվում է մեր ժողովրդավարական պետությունների վրա և օգտագործում է կոռուպցիան որպես զենք՝ փորձելով խաթարել մեր կառավարման համակարգը։ Ռուսաստանի ղեկավարները ցանկանում են, որ մարդիկ մտածեն, թե մեր համակարգը նույնքան կամ ավելի կոռումպացված է, քան իրենցը։ Սակայն ամբողջ աշխարհը գիտի, որ դա այդպես չէ, այդ թվում և ռուսներն իրենք՝ Ռուսաստանի սեփական քաղաքացիները»։

Բայդենի խոսքերով՝ Ռուսաստանի նախագահ Պուտինը «ձգտում է թուլացնել եվրոպական նախագիծը և մեր ՆԱՏՕ-ի դաշինքը»։

«Ահա թե ինչու Եվրոպայի և Միացյալ Նահանգների համար կենսական կարևորություն է ներկայացնում աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Ահա թե ինչու ռուսական անպատասխանատու վարքագծի, հաքերային հարձակումների դեմ պայքարը Միացյալ Նահանգներում, Եվրոպայում և ամբողջ աշխարհում դարձել է խիստ կարևոր մեր հավաքական անվտանգության պաշտպանության համար։

Խոսքն ամենևին Արևելքին և Արևմուտքին միմյանց դեմ լարելու մասին չէ, ասել է Նախագահ Բայդենը, և ոչ էլ հակամարտություն սադրելու ցանկություն է դա։

Մենք ցանկանում ենք կերտել ապագա, որտեղ բոլոր ժողովուրդները կարողանան ազատորեն որոշել իրենց ուղին՝ առանց բռնության կամ հարկադրանքի սպառնալիքի։ Մենք չենք կարող և չպետք է վերադառնանք սառը պատերազմի ժամանակների դիմակայությանը և բաժանվենք անդրդվելի ճակատների։ Մրցակցությունը չպետք է խոչընդոտի համագործակցությանը այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մեզ բոլորիս»։

«Մենք պետք է պաշտպանենք ժողովրդավարական արժեքները», ասել է նախագահ Բայդընը, «պայքարելով նրանց դեմ, ովքեր ձգտում են բռնաճնշումները դարձնել մենաշնորհ և սովորական երևույթ։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG