Սակայն նա նաև հավելել է, որ գլոբալ ջերմաստիճանի կանխատեսվող աճը հնարավոր է նվազեցնել.
«1.5 աստիճանի սահմաններում ջերմաստիճանի բարձրացման պայմաններում ավելի ապահով ապագա ունենալու համար դեռևս ժամանակ կա։ Սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե յուրաքանչյուր խոշոր տնտեսություն պարտավորվի մինչև 2030 թվականը զգալիորեն կրճատել արտանետումները։ Մինչև դարի կեսերը համաշխարհային արտանետումների զրոյական ելակետի հասնելու միակ ճանապարհը դա է»։
Օգոստոսի վերջին Տոկիո կատարած այցի ժամանակ հատուկ դեսպանորդ Քերին քննարկել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործում երկու երկրների ջանքերը։ Ջերմոցային գազերի արտանետման ծավալներով Միացյալ Նահանգները երկրորդ ամենախոշոր երկիրն է Չինաստանից հետո։ Ճապոնիան այդ ցուցակում յոթերորդ տեղում է։
Ճապոնիան պարտավորվել է առաջիկա 30 տարվա ընթացքում հասնել մի քանի հավակնոտ նպատակների։ Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարար Սինջիրո Կոիզումիի հետ հանդիպման ընթացքում պարոն Քերին նշել է.
«Ճապոնիան որոշ կոշտ որոշումներ է կայացրել՝ նպատակ դնելով հաջորդ 10 տարվա ընթացքում 45-50 տոկոսով կրճատել արտանետումները և մինչև 2050 թվականը հասնել զրոյական ելակետային մակարդակի»։
Գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 1.5 աստիճան ցելսիուսի սահմաններում զսպելու համար անհրաժեշտ է արագացնել ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված միջոցառումները։ ԱՄՆ-Ճապոնիա կլիմայական գործընկերության շրջանակներում Միացյալ Նահանգները և Ճապոնիան պայմանավորվել են ընդլայնել իրենց համագործակցությունը նորարարական այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են վերականգնվող էներգետիկան, ածխածնի կլանումը և արդյունաբերական դեկարբոնիզացումը, ինչպես նաև սատարել Կլիմայի պաշտպանության համար գյուղատնտեսական նորարարությունների ներդրման առաքելությանը։
Երկու երկրները պայմանավորվել են մինչև 2021 թվականի ավարտը դադարեցնել պետական ուղղակի աջակցությունը ածխային էներգարտադրության միջազգային արդյունաբերությանը։ Բացի այդ, երկրներից յուրաքանչյուրն իր ներդրումը կունենա զարգացած պետությունների կողմից խոստացված տարեկան 100 միլիարդ դոլար հատկացնելու գործում՝ աջակցելու զարգացող պետություններին կլիմայի ազդեցությունների նկատմամբ նրանց դիմակայունության բարձրացման, ջերմոցային գազերի արտանետումների կրճատման և ածխածնի զրոյական արտանետումների տնտեսությանն անցման ուղղությամբ։
Միացյալ Նահանգները և Ճապոնիան հանձնառու են այս տասնամյակը դարձնել վճռորոշ կլիմայի փոփոխության դեմ պայքարում և երաշխավորել, որ կլիմայական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված իրենց համատեղ ջանքերը մնան որպես ԱՄՆ-Ճապոնիա երկկողմ գործընկերության հիմնասյուներից մեկը։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։