Accessibility links

Breaking News

ԱՄՆ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԴԻՄԱԿԱՅԵԼ ՆԵՐԿԱ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՆ


Յուրաքանչյուր սերունդ բախվում է յուրահատուկ արտաքին սպառնալիքների։ Նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրոք Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների գլխին կախված էր Խորհրդային Միության կոմունիստական սպառնալիքը։

Այսօր՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, Միացյալ Նահանգները դիմագրավում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) ստեղծած մարտահրավերներին և Իրանում ահաբեկչական վարչակարգին։

«Ուժի և անկեղծության հենասյուները. . . Ամերիկայի քաղաքականության հիմքն են մերօրյա աշխարհում ազատության թիվ մեկ սպառնալիքի նկատմամբ, որն է՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը», նշել է Պետքարտուղար Պոմպեոն նոյեմբերի 10-ին Ռոնալդ Ռեյգանի ինստիտուտում ունեցած իր ելույթում։

«Մենք հստակ և հետևողական կերպով հայտարարել ենք, որ Միացյալ Նահանգների և ՉԺՀ-ի միջև հարաբերությունները պետք է թելադրված լինեն ոչ թե կողմերից մեկի պարտադրած բացառություններով, այլ պարզ և գործուն չափորոշիչներով, որոնք ակնկալելի են համաշխարհային թատերաբեմում ազդեցության ձգտող ցանկացած երկրի համար։ Դա նշանակում է այն, ինչ մենք ասել ենք ՉԺՀ-ի մեր գործընկերներին՝ հաշվետվողականություն, թափանցիկություն, փոխադարձություն Պեկինի կողմից»։

«Դա նաև նշանակում է, որ այլևս չպետք է լինեն անօրինական պահանջներ Հարավչինական ծովում, չպետք է լինեն պարտադրումներ և կոոպտացիա ամերիկյան բիզնեսի համար, հյուպատոսություններ, որոնք օգտագործվում են որպես լրտեսական որջեր, մտավոր սեփականության գողության դեպքեր և հիմնարար իրավունքների խախտումներ», հայտարարել է Պետքարտուղար Պոմպեոն։ «Եվ նրանց վայրագությունները Տիբեթի Սինցզյանում և այլուր այլևս չեն հանդուրժվելու»։

Ինչ վերաբերում է Իրանին, Միացյալ Նահանգների առավելագույն ճնշման արշավի շրջանակներում Թեհրանը և փոխկապված ահաբեկիչ անձինք զրկվել են տասնյակ միլիարդավոր դոլարներից։

Նախագահ Թրամփի ղեկավարությամբ արդեն իսկ բազմաթիվ հաջողություններ են գրանցվել։ «Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժը փոխարինել ենք թիկունքից առաջնորդելու քաղաքականությամբ», բացատրել է Պետքարտուղար Պոմպեոն։ «Մենք ոչնչացրեցինք ԴԱԵՇ-ի «խալիֆայությունը»։ Սպանեցինք Բաղդադիին և Սոլեյմանիին՝ էականորեն վերականգնելով [ռազմական] զսպող ռազմավարությունը»։

Տարածաշրջանի այլ վայրերում Միացյալ Նահանգները հաջողության են հասել արտաքին քաղաքականության իրենց առաջնահերթություններում։ «Ճանաչելով Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և ընդունելով, որ Գոլանի բարձունքները Իսրայելի մաս են կազմում, ԱՄՆ-ն նպաստել է հրեական պետության կենտրոնական դերի ամրագրմանը տարածաշրջանի ապագայի համար», ասել է Պետքարտուղար Պոմպեոն։

Ազատ ապրելու ցանկությունը բնորոշ է յուրաքանչյուր անհատի։ Ինչպես նշել է Պետքարտուղար Պոմպեոն, «Մենք դա տեսնում ենք Վենեսուելայի ժողովրդի մեջ, որը հոգնել է Նիկոլաս Մադուրոյի կործանարար վարչակարգից։ Մենք դա տեսնում ենք Նիկարագուայում, տեսնում ենք, թե ինչպես են իրանցիները և բելառուսները փափագում այդ զուտ մարդկային պայմաններին»։

Միացյալ Նահանգները պետք է ձգտի աշխարհում ավելի մեծ ազատություն սերմանել՝ «հավատալով մեր երկրի նպատակներին և արժեքներին, և լցված մեր ուղին պաշտպանելու վճռականությամբ, քանի որ մենք խորապես ենք հավատում Ամերիկայի խոստումին»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG