Accessibility links

Breaking News

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դատապարտում է Ռուսաստանին


Մարտի 2-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ճնշող մեծամասնությամբ ընդունել է Ուկրաինայի ինքնիշխան պետության դեմ Ռուսաստանի չհրահրված և չհիմնավորված պատերազմը դատապարտող բանաձև, որը նաև պահանջում է, որ «Ռուսաստանի Դաշնությունն անհապաղ, ամբողջությամբ և առանց նախապայմանների դուրս բերի իր բոլոր ռազմական ուժերը Ուկրաինայի տարածքից նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։

Քվեարկությունը տեղի է ունեցել Գլխավոր ասամբլեայի հազվադեպ գումարվող արտակարգ նիստի ընթացքում, որն անցկացվում էր այն ժամանակ, երբ ռուսական տանկերը մտնում էին ուկրաինական քաղաքներ, իսկ ռուսական հրթիռները հրետակոծում էին քաղաքացիական ենթակառուցվածքները և սպանում հարյուրավոր անմեղ մարդկանց։ ՄԱԿ-ի բանաձևի օգտին կողմ է քվեարկել աշխարհի 141 երկիր։ Դեմ է քվեարկել 5 ավտորիտար պետություն՝ Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան, իսկ 35-ը, այդ թվում՝ Կուբան, ՉԺՀ-ն, Հնդկաստանը, Վենեսուելան և Իրանը, ձեռնպահ է մնացել։

«Այս քվեարկությունը ցույց տվեց, որ միջազգային հանրության ճնշող մեծամասնությունը վճռականորեն պաշտպանում է ՄԱԿ-ի հիմնական սկզբունքները, սատարում ՄԱԿ-ի կանոնադրությունը և հանդես է գալիս այլ ինքնիշխան պետության սահմաններն ուժով փոխելու և իր կամքը ուկրաինացի ժողովրդին պարտադրելու Ռուսաստանի անշրջահայաց փորձերի դեմ», ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկությունը ցույց է տալիս, որ երկրների մեծ մասն ընդունում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «հարձակվում է ոչ միայն Ուկրաինայի վրա, նա հարձակվում է համաշխարհային խաղաղության և անվտանգության հիմքերի վրա։ … Եթե մենք հակահարված չտանք պուտինյան Ռուսաստանին, այն միայն ավելի շատ քաոս և ագրեսիա կսերմանի աշխարհում», նշել է նախագահ Բայդենը։ «Ռուսաստանը մեկուսացված է և ունի միայն չորս դաժան, ավտորիտար պետությունների աջակցությունը»։

Քվեարկությունից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը լրագրողներին հայտնել է. «Գլխավոր ասամբլեայի ուղերձը պարզ է և հստակ՝ անմիջապես վերջ տվեք Ուկրաինայում ռազմական գործողություններին։ … Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պետք է հարգվեն՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն»։

Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը քվեարկությունից հետո նշել է. «Եկեք շարունակենք միավորվել ուկրաինացի ժողովրդին սատարելու հարցում, և եկեք ցույց տանք բոլորին ՄԱԿ-ի իրական ուժը և նշանակությունը»։

Նախագահ Բայդենն ընդգծել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը «ստեղծվել է «զերծ պահելու հետագա սերունդներին պատերազմի արհավիրքներից»։ … Միասին մենք պարտավոր ենք և պետք է պատասխանատվության ենթարկենք Ռուսաստանին իր գործողությունների համար։ Մենք ցույց կտանք, որ ազատությունը միշտ հաղթում է բռնակալությանը», հայտարարել է նախագահը։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG