Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ն վերադառնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ


Միացյալ Նահանգները 2022 թվականին կրկին կլինի Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի կազմում՝ կյանքի կոչելով նախագահ Ջո Բայդենի այն խոստումը, որ Ամերիկայի արտաքին քաղաքականության հիմքում դրվելու է մարդու իրավունքների պաշտպանությունը։

«Խորհուրդը նշանակալի դեր է խաղում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության գործում՝ փաստագրելով ոճրագործությունները իրավախախտներին պատասխանատվության կանչելու համար», մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Այն ուշադրություն է հրավիրում արտակարգ իրավիճակների և մարդու իրավունքների ոլորտում զարգացող ճգնաժամերի վրա՝ երաշխավորելով, որ ձայն չունեցողներն իրենց խնդիրների մասին բարձրաձայնելու հնարավորություն ունենան։ Խորհուրդը մի հարթակ է, որտեղ կարող ենք բաց քննարկումներ ծավալել մեր և մեր գործընկերների աշխատանքի բարելավման ուղիների վերաբերյալ»։

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է պետքարտուղար Բլինքենը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքը «զերծ չէ լուրջ թերություններից, այդ թվում՝ Իսրայելի նկատմամբ անհամաչափ մեծ ուշադրությունը և մարդու իրավունքների աղաղակող խախտումներ թույլ տված մի քանի պետությունների անդամակցությունը։ «Միասին մենք պետք է դիմակայենք այն արժեքները տապալելու փորձերին, որոնց հիման վրա ստեղծվել է Մարդու իրավունքների խորհուրդը, ներառյալ այն, որ յուրաքանչյուր ոք օժտված է մարդու իրավունքներով, և որ պետությունները պարտավոր են պաշտպանել այդ իրավունքները», ասել է նա։

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «առաջին հերթին կենտրոնացնելու է իր ջանքերը որպես Խորհրդի լիիրավ անդամ նրա վրա, ինչին կարող ենք հասնել … Աֆղանստանում, Բիրմայում, Չինաստանում, Եթովպիայում, Սիրիայում և Եմենում։ Ավելի լայն իմաստով մեր ջանքերն ուղղված են լինելու հիմնարար ազատությունների և կանանց իրավունքների հարգման խթանմանը, ինչպես նաև կրոնական անհանդուրժողականության, ռասայական և էթնիկական անարդարության, փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ բռնության և խտրականության դեմ պայքարին»։

Միացյալ Նահանգները հանդես կգա մարդու իրավունքների աղաղակող խախտումներ թույլ տված պետությունների ընտրության դեմ և կխրախուսի այն երկրների անդամակցությունը, որոնք հանձնառու են խթանել և պաշտպանել մարդու իրավունքներն ինչպես իրենց երկրներում, այնպես էլ արտերկրում։ «Մենք պետք է մշտապես ձգտենք լինել հնարավորինս ներառական, մարդու իրավունքները հարգող և ազատ», ասել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը։

Պետքարտուղար Բլինքենը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ Միացյալ Նահանգներին Մարդու իրավունքների խորհրդում կրկին ծառայելու հնարավորություն ընձեռելու համար։ «Մենք անհամբեր սպասում ենք մեր միջազգային գործընկերների հետ առաջիկա աշխատանքին՝ ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության և Խորհրդի աշխատանքի խթանման ուղղությամբ», ասել է նա։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG