Միացյալ Նահանգները հավատարիմ է արտաքին քաղաքականությանը, որը խարսխված է ժողովրդավարության, մարդու իրավունքների և հավասարության վրա։ «Բազմակողմանի գործիքների արդյունավետ օգտագործումն այդ տեսլականի կարևորագույն տարրն է, և այդ առումով նախագահը [Բայդընը] հանձնարարել է Պետդեպարտամենտին անհապաղ և ակտիվ կերպով վերսկսել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հետ համագործակցությունը», իր հայտարարության մեջ նշել է պետքարտուղար Բլինքենը։
Միևնույն ժամանակ պետքարտուղար Բլինքենը խոստովանել է, որ Մարդու իրավունքների խորհուրդը «կարիք ունի բարեփոխումների իր օրակարգի, անդամակցության և ուղղվածության հարցերում, այդ թվում՝ Իսրայելի նկատմամբ երկակի ստանդարտների կիրառումը»։ Այդուհանդերձ, նա նշել է, որ «2018 թվականի հունիսին ԱՄՆ-ի դուրս գալը չի նպաստել նշանակալի փոփոխությունների, այլ փոխարենը հանգեցրել է ԱՄՆ-ի առաջնորդության բացակայության, որն ավտորիտար օրակարգեր ունեցող երկրները փորձել են ծառայեցնել իրենց շահերին»։
Միացյալ Նահանգները համարում է, որ ՄԱԿ ՄԻԽ-ի գործունեությունը բարելավելու լավագույն միջոցը դրան անդամակցելն է, նշել է մամուլի խոսնակ Փրայսը.
«Եթե այն գործի, ինչպես նախատեսված է, Խորհուրդը կարող է հզոր գործիք լինել հիմնարար ազատությունների խթանման, կանանց, աղջիկների, ԼԳԲՏՔԻ+ անձանց և մարգինալացված այլ համայնքների իրավունքների պաշտպանության համար՝ միաժամանակ նպաստելով մարդու իրավունքները խախտողներին պատասխանատվության ենթարկմանը ամբողջ աշխարհում»։
ՄԱԿ ՄԻԽ-ի կազմում աշխատանքը վերսկսելու գործընթացը շարունակվում է ժնևում, որտեղ ԱՄՆ-ի առաքելությունն արդեն մասնակցել է խորհրդի հերթական կազմակերպական հանդիպմանը և Բիրմայում իրավիճակին նվիրված հատուկ նիստին։
«Առայժմ մեր անդամակցությունը կլինի դիտորդի կարգավիճակով, ինչը թույլ կտա մեզ հանդես գալ Խորհրդում, մասնակցել բանակցություններին և աշխատել գործընկերների հետ», ասել է խոսնակ Փրայսը։
Ինչպես ընդգծել է պետքարտուղար Բլինքենը, «Մենք հավատացած ենք, որ Խորհրդում ԱՄՆ-ի կառուցողական ներգրավմամբ, մեր դաշնակիցների և ընկերների հետ համատեղ, դրական փոփոխություններն իրատեսական կլինեն»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։