«Երկրագնդի վրա չկա որևէ այլ երկիր, որը կկարողանա անել այն, ինչ մենք ենք կարող, ինչպես առաջադեմ պատվաստանյութերի մշակման, այնպես էլ պետությունների, ձեռնարկությունների և միջազգային կառույցների միավորման առումով՝ առողջապահական լայնածավալ նախաձեռնություններ իրականացնելու նպատակով, որոնք անհրաժեշտ են համավարակի իսպառ վերացման համար»։
«Օգնելով վերջ դնել մարդկության պատմության ամենամահացու համավարակներից մեկին՝ մենք կարող ենք մեկ անգամ ևս ցույց տալ աշխարհին, թե ինչի է ընդունակ ամերիկյան առաջնորդությունը և ամերիկյան հնարամտությունը», - ասել է պետքարտուղար Բլինքենը։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն արդեն իսկ ձեռնարկել է որոշ կարևոր քայլեր այդ ուղղությամբ.
«Վերջերս Կոնգրեսը տրամադրել է ավելի քան 11 միլիարդ դոլար Քովիդ-19 համավարակին արձագանքմանն ուղղված գլոբալ նախաձեռնությունների համար, որոնք միտված են տարբերի խնդիրների լուծմանը, այդ թվում՝ մարդկային կյանքեր փրկելու, պատվաստանյութերի լայն հասանելիություն ապահովելու, համավարակի անուղղակի ազդեցությունները, ինչպես օրինակ՝ սովը, մեղմելու նպատակով աջակցություն տրամադրելու, այլ երկրներին՝ իրենց համավարակային պատրաստվածության խթանմանն օգնելու համար»։
Որպես համաշխարհային առողջապահության ոլորտում ամենախոշոր դոնոր՝ ԱՄՆ-ն 2 միլիարդ դոլար նվիրատվություն է կատարել «COVAX» ծրագրին, որի շրջանակներում Քովիդի դեմ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութեր են մատակարարվում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին։ ԱՄՆ-ն խոստացել է ևս 2 միլիարդ դոլար տրամադրել ծրագրին, մյուս երկրները նույնպես կատարում են իրենց պարտավորություններն այդ նախաձեռնության շրջանակներում։
ԱՄՆ-ն պատվաստանյութեր է տրամադրել իր մերձավոր հարևաններին՝ Մեքսիկային և Կանադային, և իր գլոբալ գործընկերների հետ կաշխատի արտադրության և մատակարարման գործընթացների շուրջ, որպեսզի պատվաստանյութերը հասանելի լինեն բոլորի համար և ամենուր։
Ի վերջո, ԱՄՆ-ն կանի անհրաժեշտ ամեն ինչ՝ ապագա համավարակների դեմ պայքարին պատրաստ լինելու համար, հայտարարել է պետքարտուղար Բլինքենը.
«Դա կպահանջի երկրներից հավատարիմ մնալ թափանցիկության և տեղեկատվության փոխանակման սկզբունքներին, ինչպես նաև ապահովել միջազգային փորձագետների մուտքն իրական ժամանակում։ Անհրաժեշտ է կայուն ֆինանսավորում, կարողությունների հզորացում և հաշվետվողականություն, որպեսզի բոլոր երկրները կարողանան արագ միջոցներ ձեռնարկել՝ հաջորդ բռնկումը կանխելու համար։ Եվ մենք շարունակելու ենք պնդել, որ կատարվի համավարակի պատճառների լիարժեք և թափանցիկ հետաքննություն՝ հասկանալու, թե ինչ է իրականում տեղի ունեցել, որպեսզի այս իրավիճակն այլևս չկրկնվի»։
Այս նպատակների իրագործման համար պետքարտուղար Բլինքենը նշանակել է Գեյլ Սմիթին՝ որպես Քովիդի համավարակին արձագանքման գլոբալ քայլերի և առողջության անվտանգության ապահովման հարցերով համակարգող։
«Սա բեկումնային պահ է։ Ժամանակն է, որ ավելի լայնախոհ լինենք և համարձակ գործենք», հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։ «Եվ Միացյալ Նահանգներն ընդունում է մարտահրավերը»:
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։