Accessibility links

Breaking News

Վրաստանում ժողովրդավարության դեմ ուղղված գործընթաց է մեկնարկել


Ցուցարարները հավաքվում են խորհրդարանի շենքի մոտ՝ Թբիլիսիում, Վրաստան, 28 մայիսի, երեքշաբթի, 28 մայիսի, 2024թ.
Ցուցարարները հավաքվում են խորհրդարանի շենքի մոտ՝ Թբիլիսիում, Վրաստան, 28 մայիսի, երեքշաբթի, 28 մայիսի, 2024թ.

Ինչպես հայտնի է, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո էր կիրառել երկրի խորհրդարանում իշխող ուժի հավանությանն արժանացած օրինագծի նկատմամբ, որը նա և բազմաթիվ գործիչներ համարում են հարված ժողովրդավարությանը:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն օրինագիծն անվանել է «Կրեմլի ոճով [կազմված] օտարերկրյա գործակալների մասին օրենք, որը հակասում է ժողովրդավարական արժեքներին»:

Օրինագծի համաձայն, վրաստանյան որևէ հասարակական կազմակերպություն, որ իր ֆինանսավորման առնվազն 20%-ը ստանում է արտերկրից, պետք է գրանցվի ու հայտարարի, թե «սպասարկում է օտար ուժի շահերը»։ Այդ ՀԿ-ն պետք է նաև տրամադրի մանրամասն ֆինանսական տեղեկատվություն:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջ քաշված օրինագիծը երկրում բողոքի զանգվածային ցույցերի պատճառ է դարձել: Վրաստանի խորհրդարանում ավարտական քվեարկությունից առաջ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախազգուշացրել էր, որ նման օրենքը «կճնշի հավաքների և արտահայտվելու ազատությունները, կպիտակավորի Վրաստանի քաղաքացիներին ծառայող կազմակերպություններին և կխանգարի լրատվամիջոցներին, որոնք աշխատում են ապահովել բարձրորակ տեղեկատվության հասանելիություն»: Նա ափսոսանք էր հայտնել, որ վրացական իշխանությունները կիրառում են «ռեպրեսիվ մարտավարություն, որն օգտագործվում է օրինական այլախոհությունը ճնշելու համար», և հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները վիզային սահմանափակման քաղաքականություն է կիրառելու Վրաստանի նկատմամբ, «որը կտարածվի այն անձանց վրա, ովքեր պատասխանատու են Վրաստանում ժողովրդավարությունը խարխլելու համար, ինչպես նաև [կտարածվի] նրանց ընտանիքի անդամների նկատմամբ»։

Վրաստանի խորհրդարանում օրինագծի քվեարկությունից հետո, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը դատապարտեց քայլը.

«Ընդունելով այս օրենքը՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երկիրը հեռացրեց եվրաինտեգրման ուղուց և անտեսեց վրաց ժողովրդի եվրաատլանտյան նկրտումները, որ շաբաթներ շարունակ փողոց էր դուրս եկել՝ ընդդիմանալու օրենքին։ Իշխող կուսակցության գործողությունները և հակաարևմտյան հռետորաբանությունը սպառնում են Վրաստանի ժողովրդավարական ուղուն, ապագա տնտեսական անվտանգությանը, ԵՄ անդամակցությանը, ինչպես նաև վտանգի տակ են դնում ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները»:

Միլլերը հավելել էր, թե Վաշինգտոնը սկսել է Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև երկկողմ հարաբերությունների համապարփակ վերանայում․

«Ինչպես անցած շաբաթ ասաց [պետ]քարտուղար Բլինքենը, մենք հաշվի կառնենք «Վրացական երազանքի» գործողությունները՝ մինչ կորոշենք մեր [անելիքը]: Միացյալ Նահանգները շարունակում է կանգնած մնալ վրաց ժողովրդի կողքին, երբ նրանք գործում են հանուն ժողովրդավարական և արևմտյան ապագայի: Ցավալի է, որ Վրաստանի ղեկավարները նախընտրում են հրաժարվել այն քայլերից, որոնք անհրաժեշտ են Վրաստանն առաջ տանելու՝ արևմտյան ուղղությամբ, ինչը [վրաց] ժողովրդի ցանկությունն է»:

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG