Ռուսաստանը տասնամյակներ շարունակ սուբսիդավորել է Բելառուսի թույլ տնտեսությունը՝ տրամադրելով ցածր տոկոսադրույքով վարկեր և նշանակալի զեղչերով գազի ու նավթի մատակարարումներ։ Միջազգային հանրության կողմից Լուկաշենկոյի վարչակարգի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետևանքները մեղմելու համար Ռուսաստանը կրկին ֆինանսական օգնություն է ցուցաբերել։
Այդ ժամանակից ի վեր Բելառուսը դարձել է Ուկրաինա Պուտինի ներխուժմանը մեղսակից՝ ծառայելով որպես ռազմահենադաշտ Ուկրաինայի վրա հյուսիսից գրոհող ռուսական զորամասերի համար, ինչպես նաև ցուցաբերելով այլ աջակցություն ռուս զինվորականներին։ Պատերազմը սկսվելուց անմիջապես հետո երկրում անցկացվեց շինծու հանրաքվե, որի արդյունքներով սահմանադրությունից հանվեցին Բելառուսի չեզոքությունը և երկրի տարածքը ոչ միջուկային գոտի դարձնելու նպատակն ամրագրող կետերը, ինչպես նաև ներառվեցին Լուկաշենկոյի իշխանությունն ընդլայնող և ամրապնդող լրացումներ։ Լուկաշենկոն նաև հանդես եկավ առաջարկով, որ Բելառուսը կարող է տեղակայել ռուսական միջուկային զենք։
«[Բելառուսը] և նախագահ Լուկաշենկոն թույլ են տվել նախագահ Պուտինին ծաղրի առարկա դարձնել Բելառուսի անկախությունը և նրա թվացյալ ինքնիշխանությունը», հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
«Սա շարունակվում է արդեն որոշ ժամանակ, քանի որ ռուսական զորքերը լցվել են Բելառուս՝ հաստատելով իրենց ներկայությունը… ինքնիշխան Բելառուսի տարածքում՝ երրորդ երկրի նկատմամբ կանխամտածված, չհիմնավորված և չհրահրված հարձակում և ներխուժում իրականացնելու նպատակով»։
Ուկրաինայի դեմ Մոսկվայի ագրեսիային աջակցելու և նպաստելու Լուկաշենկոյի որոշումը հակասում է այդ երկրի ժողովրդի տրամադրություններին։ Լոնդոնյան «Chatham House» անկախ քաղաքագիտական ինստիտուտի տվյալներով՝ բելառուսների 79 տոկոսը համարում է, որ որևէ բելառուս զինվոր չպետք է զոհվի Ուկրաինայի հետ Պուտինի պատերազմում։ Կեսից ավելին կարծում է, որ Բելառուսը պետք է չեզոք մնա։
«Բելառուսը… գնալով ավելի է ենթարկվում Ռուսաստանին՝ կրկին ի ցույց դնելով սեփական ժողովրդի շահերի դեմ գործելու նախագահ Լուկաշենկոյի պատրաստակամությունը՝ Մոսկվայի բարեհաճությանն արժանանալու և իշխանության ղեկին մնալու համար», նշել է Փրայսը։
«Հաշվի առնելով, որ վարչակարգն աններելի կերպով սատարում և նույնիսկ օժանդակում է այն ամենին, ինչ մենք տեսնում ենք, որ ռուսներն անում են Ուկրաինայում, մենք պատժամիջոցներ ենք կիրառում։ Մենք պատժամիջոցներ ենք սահմանել Բելառուսի մոտ երկու տասնյակ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ։ Այս գործողություններն ուղղված են Բելառուսի պաշտպանական և հարակից նյութատեխնիկական ու ֆինանսական հատվածներին՝ երկու ոլորտներ, որոնք սերտորեն կապված են Ռուսաստանի հետ»։
«Մենք անընդհատ տեսնում ենք, որ նախագահ Լուկաշենկոն անտեսում է… իր ժողովրդի կամքը և իր ճակատագիրը կապում նախագահ Պուտինի և Ուկրաինայի դեմ նրա ռազմատենչ նպատակների հետ», ասել է Փրայսը։ «Եթե այդպես շարունակվի, Բելառուսը ստիպված կլինի բախվել շատ լուրջ պատասխանատվություն ենթադրող միջոցների»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։
Բելառուսը Ռուսաստանի ամենամերձավոր դաշնակիցներից մեկն է։ Ալեքսանդր Լուկաշենկոյի բռնապետական վարչակարգը կառավարում է երկիրն արդեն 28 տարի, և դրա շարունակական գոյությունը մեծապես կախված է Ռուսաստանից: