Ռազմավարական հայեցակարգը փաստաթուղթ է, որն ուղղված է մեր առջև ծառացած սպառնալիքների և մարտահրավերների բացահայտմանը, ինչպես նաև դրանց ի պատասխան ՆԱՏՕ-ի հետագա զարգացման ուղու նախորոշմանը։ Նոր հայեցակարգը կանդրադառնա հրատապ մարտահրավերներին, այդ թվում՝ կիբերտարածությունում վնասաբեր գործունեությանը, կանոնահեն միջազգային կարգը թուլացնելու ռազմավարական մրցակիցների փորձերին և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված անվտանգության խնդիրներին։
Ինչ վերաբերում է Ուկրաինային, Միացյալ Նահանգները կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ օգնությունը։ Վերջերս կայացած մամուլի ասուլիսում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել է.
«Նախագահ Բայդենը հայտարարել է անվտանգության ոլորտում աջակցության նոր փաթեթի մասին՝ Ուկրաինային զինելու առաջադեմ սպառազինության լրացուցիչ հնարավորություններով, ինչը նրանց անհրաժեշտ է շարունակվող ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար։ . . .«Մենք շուտափույթ քայլեր ենք ձեռնարկել Ուկրաինային զգալի քանակությամբ զենք ու զինամթերք տրամադրելու ուղղությամբ, որպեսզի նրանք կարողանան հետ մղել Ռուսաստանի ագրեսիան և իրենց հերթին հանդես գալ առավելագույնս ամուր դիրքերից ցանկացած հնարավոր բանակցային սեղանի շուրջ»։
ՆԱՏՕ-ի դաշնակիցները մյուս գործընկերների հետ միասին ծանր հետևանքներ են պարտադրել Ռուսաստանի կառավարությանը և նրանց սատարողներին՝ նրանց նկատմամբ կիրառելով աննախադեպ պատժամիջոցներ, արտահանման վերահսկողություն և դիվանագիտական ճնշումներ։ Մոտ 7 միլիոն ուկրաինացիներ ստիպված լքել են իրենց հայրենիքը, իսկ շատերը ենթարկվել ներքին տեղահանման Ուկրաինայի տարածքում։ Եվրոպայի և նրա սահմաններից դուրս երկրները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, գրկաբաց ընդունել են ուկրաինացիներին, որոնք փախել են բռնությունից։
ՆԱՏՕ-ն պատրաստ է դիմակայել նման մարտահրավերների՝ հուսալի կիբերպաշտպանության, առաջադեմ տեխնոլոգիաների և աշխարհի երկրների հետ ընդլայնված գործընկերության միջոցով։ «Մենք կերաշխավորենք, որ ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզ պաշտպանված լինի», հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։ «Պատերազմը սկսվելուց ի վեր մենք ավելի քան 20,000 հավելյալ զորք ենք տեղակայել ՆԱՏՕ-ի արևելյան թևում»։
«Շատ դաշնակիցներ նույնպես ընդլայնում են իրենց ռազմական ներկայությունը Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում։ Անցյալ ամիս Ֆինլանդիան և Շվեդիան՝ ՆԱՏՕ-ի երկու վաղեմի գործընկերները, որոշում կայացրեցին դիմել ՆԱՏՕ-ին անդամակցության համար», նշել է պետքարտուղար Բլինքենը։
«Միացյալ Նահանգները վճռականորեն սատարում է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հայտերը։ Երկու երկրներն էլ ավելի քան համապատասխանում են հնարավորինս շուտ Դաշինքի լիիրավ անդամ դառնալու պահանջներին։ ՆԱՏՕ-ին անդամակցելով՝ նրանք կամրապնդեն ՆԱՏՕ-ն։ Մենք անհամբեր սպասում ենք՝ նրանց արագ ներգրավելու պատմության ամենաուժեղ պաշտպանական Դաշինքում»։
Միացյալ Նահանգները պատրաստակամ է դաշնակիցների հետ միասին հանդես գալու Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ երաշխավորելու, որ ՆԱՏՕ-ն կմնա ուժեղ, կայուն և պատրաստ մարտահրավերներին այսօր և ապագայում։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։
Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Հյուսիսատլանտյան դաշինքը կընդունի նոր ռազմավարական հայեցակարգ։