Accessibility links

Breaking News

Պաշտպանության գլոբալ մեխանիզմի ստեղծում՝ ընդդեմ վարակիչ հիվանդությունների


(FILE) A Ugandan health worker prepares to administer the ebola vaccine.
(FILE) A Ugandan health worker prepares to administer the ebola vaccine.

Այսօրվա փոխկապակցված աշխարհի գլխավոր բացասական կողմերից մեկը տարաբնույթ հիվանդությունների հարուցիչների ունակությունն է՝ օդանավի արագությամբ տարածվել մոլորակով։

Ապրիլի վերջին Վաշինգտոնում ելույթ ունենալով Գլոբալ զարգացման կենտրոնում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ղեկավար Սամանթա Փաուերն ասել է, որ «նոր հարուցիչների առաջացմանն ու արագ տարածմանը նպաստող գործոններն ավելացել են և շարունակում են ավելանալ»։

«Քանի դեռ մարդիկ ոչնչացնում են անտառները և այլ կենսավայրեր՝ աճող բնակչությանը կերակրելու և բնակեցնելու համար, իսկ հակամարտություններն ու կլիմայական աղետները՝ անտառային հրդեհները, երկարատև երաշտը, դուրս են մղում կենդանիներին ու մարդկանց իրենց բնակավայրերից, վայրի բնությունն ու մարդիկ հայտնվում են ավելի սերտ շփման մեջ՝ ինչպես բոլորս գիտենք, դյուրացնելով հիվանդությունների փոխանցումը կենդանիներից մարդկանց։ Աստիճանաբար գլոբալացվող աշխարհում այդ հարուցիչները կարող են արագորեն տարածվել համայնքներում, երկրներում և մայրցամաքներում»։

Իրոք, վարակիչ հիվանդությունների տարածման վերջին փորձառությունը՝ ներառյալ COVID-19 համավարակը, մի շարք երկրներում խոլերայի տարածումը և Ուգանդայում Էբոլայի բռնկումը, հստակ ցույց են տալիս, որ առողջապահական գլոբալ արտակարգ իրավիճակներին արձագանքելու տեսանկյունից՝ ստանդարտացված և կենտրոնացված գործառնությունների հրատապ անհրաժեշտություն է առաջացել։

Ահա թե ինչու ԱՄՆ ՄԶԳ-ն ներկայացրել է Առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների կառավարման գլոբալ համակարգ ստեղծելու նոր նախաձեռնությունը, որը «կօգնի մեզ արագ և միաժամանակ հաղթահարել բազմաթիվ ճգնաժամեր»,- ասել է Փաուերը։

«Հումանիտար ճգնաժամերին արագ և արդյունավետ արձագանքելու ԱՄՆ ՄԶԳ-ի երկարատև փորձառությունը սովորեցրել է մեզ, որ արտակարգ իրավիճակում հաջողության գրավականը համակարգ ունենալն է՝ հրատապ ֆինանսավորումն ու անձնակազմը արագ կազմակերպելու, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի համապատասխան վարչությունների և մեր՝ ԱՄՆ կառավարության կողմից արձագանքը համակարգելու համար։ Առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակներին արձագանքելու նոր գլոբալ համակարգը կօգնի մեզ այդ հարցում»։

Առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների կառավարման գլոբալ համակարգը հնարավորություն կընձեռի ԱՄՆ ՄԶԳ-ին աջակցություն ցուցաբերել արտերկրում գործող իր աշխատակիցներին՝ արագ գտնելով միջոցներ առողջապահության ֆինանսավորման համար։ Այն նաև թույլ կտա արագ գործուղել անձնակազմ՝ որևէ երկրի և տարածաշրջանի կարողություններն ընդլայնելու և ԱՄՆ ՄԶԳ-ի ղեկավարության որոշումների իրականացումը համակարգելու համար։ Ի վերջո, այն կամրապնդի փոխգործակցությունը միջգերատեսչական գործընկերների հետ։

«Մենք պետք է ստեղծենք համաշխարհային կարողություն՝ կանխելու, հայտնաբերելու և արձագանքելու վարակիչ հիվանդությունների բոլոր բռնկումներին՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք դրանց հիմքում COVID-ի նոր տարբերակներն են, գոյություն ունեցող սպառնալիքները կամ նորահայտ հարուցիչներ»,- ասել է Փաուերը։

«Հիվանդությունների բռնկումները ազգային անվտանգության հրատապ ռիսկերի շարքում են, և ամբողջ աշխարհի կառավարությունները պետք է համահունչ կերպով արձագանքեն՝ վերստին ամրապնդելով մեր հավաքական պաշտպանությունը կենսաբանական սպառնալիքներից»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG