Accessibility links

Breaking News

Կլիմայական ճգնաժամը մեր ժամանակների փորձությունն է


«Կլիմայի գլոբալ ճգնաժամի դեմ պայքարը, ըստ էության, մեր ընդհանուր փխրուն աշխարհի պաշտպանության և պահպանման խնդիրն է», ասել է կլիմայական հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջոն Քերրին։

«Պետք է գիտակցել, որ կլիմայական ճգնաժամին չարձագանքելը շատ ավելի ռեսուրսներ կպահանջի, քան արձագանքելը։ Առանց չափազանցության, դա գոյատևման հարց է»։

Լոնդոնում իր ելույթի ժամանակ պարոն Քերրին նշել է, որ կլիմայական ճգնաժամը մեր ժամանակի փորձությունն է, իսկ ժամանակը սպառվում է։ 2015 թվականին 196 երկրներ ստորագրել են Փարիզյան համաձայնագիրը, որի նպատակն է սահմանափակել գլոբալ միջին ջերմաստիճանային աճը մինչև երկու աստիճան ըստ ցելսիուսի և ջանքեր գործադրել, որպեսզի այդ ցուցանիշը հասնի 1,5 աստիճանի։ «Համաձայնագրի ներքո՝

յուրաքանչյուր երկիր ստանձնել է որոշակի պարտավորություններ իր կարողությունների սահմաններում՝ միասնաբար աշխարհը ճիշտ ուղու վրա դնելու համար», ասել է պարոն Քերրին։ Սակայն նույնիսկ եթե պետությունները պատշաճ կատարեին Փարիզում ստանձնած իրենց խոստումները, մեր մոլորակի ջերմաստիճանը կշարունակեր բարձրանալ 2,5 կամ 3 աստիճանով ըստ ցելսիուսի։ «Մենք արդեն իսկ տեսնում ենք աղետալի հետևանքներ»։

«Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մշակաբույսերն այլևս չեն աճում իրենց սովորական ցանքատարածքներում, օվկիանոսների քիմիական կազմը ավելի կտրուկ և արագ է փոխվում, քան երբևէ, որտեղ միլիոնավոր մարդիկ ստիպված լքում են հետզհետե ամայացող իրենց հայրենի հողերը, տարեկան գրեթե 20 միլիոն մարդ գաղթում է աշխարհով մեկ։ Բոլորիս հայտնի է մի քանի տարի առաջ տեղի ունեցած միգրացիայի քաղաքական ազդեցությունը, և պատկերացրեք, թե ինչ կլինի, երբ վայրերը դառնան բնակության համար ոչ պիտանի, և մարդիկ ստիպված լինեն տեղափոխվել այնպիսի վայրեր, որտեղ դեռևս կարող են ապրել»։

Այն, ինչին ականատես ենք ներկայում, ընդամենը ջերմաստիճանի 1,2 աստիճանով բարձրացման արդյունք է։ «Եվ եթե թույլ տանք այդ ցուցանիշի կրկնակի աճ, կկանգնենք իսկական աղետի առջև», ասել է պարոն Քերրին։ «Մենք դեռ կարող ենք խուսափել դրանից, սակայն պետք է սկսենք անհապաղ գործել՝ միավորելով մոլորակի բոլոր երկրների ջանքերը»։

«Մինչև 2030 թվականը աշխարհը պետք է առնվազն 45 տոկոսով կրճատի արտանետումները, հատկապես՝ ջերմոցային գազերի, որպեսզի դարի կեսերին արդեն իսկ հասնենք գիտականորեն ապացուցելի զրոյական կետի։ 45 տոկոս կրճատումը վերաբերում է ոչ թե որոշ երկրներին կամ տարածաշրջաններին, այլ ամբողջ աշխարհին։ Այս առումով, առաջիկա տասնամյակը վճռորոշ ժամանակահատված է, իսկ 2021 թվականը՝ վճռորոշ տարի»։

«Մենք կարող ենք և պարտավոր ենք միասին հասնել այդ արդյունքին՝ հատկապես գիտակցելով, որ ընտրություն ենք կատարում երկու այլընտրանքային աշխարհների՝ հաղթանակի և

ողբերգության միջև», նշել է պարոն Քերրին։ «Դա այն է, ինչ մենք միշտ անում ենք, երբ գիտակցում ենք, որ աշխարհը դրա կարիքը շատ ունի։ Մենք ի զորու ենք համախմբվել»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG