Accessibility links

Breaking News

Ուկրաինայում ռուսական սադրանքների բացասական հետևանքները տնտեսության վրա


Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայից բխող խնդիրներից մեկը էներգամատակարարման հարցն է։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայից բխող խնդիրներից մեկը էներգամատակարարման հարցն է։ Ռուսաստանը բնական գազ է մատակարարում Ուկրաինային, ինչպես նաև կենտրոնական, հարավային և արևմտյան Եվրոպային բազմաթիվ խողովակաշարերով, որոնց մի քանիսն անցնում են Ուկրաինայի տարածքով։ Բացի այն, որ Ուկրաինայի սահմանների շուրջ (ինչպես նաև Ռուսաստանի կողմից բռնագրավված Ղրիմում և Դոնբասի ռուսական վերահսկողության տարածքում) Ռուսաստանը շարունակում է իր զորքերի զանգվածային կուտակումը, այն նաև սահմանափակում է գազի մատակարարումը։ Ռուսաստանը այս սադրիչ գործողությունը սկսել է անցած ամառ։

ԱՄՆ - Եվրամիություն էներգետիկ խորհուրդը փետրվարի 7-ի նիստի ընթացքում հայտարարել է, որ «անթույլատրելի է օգտագործել էներգամատակարարումը՝ որպես զենք կամ աշխարհաքաղաքական լծակ»։ Ուստի Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը կրկին պայմանավորվել են ձեռնարկել միասնական գործողություններ՝ ուղղված Եվրամիությունում կամ դրա մերձակայքում էներգամատակարարման ցանկացած հավանական սպառնալիքի վերացմանը։

Գազի մատակարարման դադարեցումը Ռուսաստանն արդեն իսկ նախկինում օգտագործել է որպես մահակ։ «2009 թվականին, երբ Ռուսաստանը դադարեցրեց գազի մատակարարումը Եվրոպա՝ Ուկրաինայի հետ վեճի պատճառով, մարդիկ մահացան ցրտից», ասել է պետքարտուղար Բլինքենը։

«էներգամատակարարման խափանումը կարող է հանգեցնել տնտեսության խարխլման։ Մենք վճռական ենք տրամադրված թույլ չտալու դա և մեղմելու ազդեցությունը էներգետիկ ռեսուրսների առկայության և գների վրա, եթե Ռուսաստանը որոշի կրճատել բնական գազի մատակարարումը Եվրոպա»։

«Մենք քայլեր ենք ձեռնարկում՝ երաշխավորելու, որ գլոբալ էներգամատակարարումը չխաթարվի, որը նույնպես կարևոր նշանակություն ունի, եթե Ռուսաստանը որոշի իր բնական գազը զենքի վերածել՝ է՛լ ավելի կրճատելով մատակարարումը Եվրոպա», նշել է պետքարտուղար Բլինքենը։

«Մենք ամբողջ աշխարհում բանակցություններ ենք վարում կառավարությունների և խոշոր արտադրողների հետ իրենց կարողությունների ավելացման շուրջ։ Մանրամասն քննարկում ենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ համակարգված արձագանք ձևավորելու վերաբերյալ, այդ թվում՝ ինչպես լավագույնս օգտագործել իրենց առկա էներգապաշարները։ Այս բոլոր ջանքերն ուղղված են գնային ցնցումները մեղմելուն և ԱՄՆ-ում, Եվրոպայում և ամբողջ աշխարհում մարդկանց անհրաժեշտ էներգիայով ապահովելուն՝ անկախ Ռուսաստանի գործողություններից»։

Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը սատարում են ուժեղ և տոկուն Ուկրաինային և գիտակցում են, որ էներգետիկ անվտանգությունը կենսական նշանակություն ունի ինքնիշխան Ուկրաինայի համար։

«Էներգետիկ անվտանգությունն ուղղակիորեն կապված է ազգային անվտանգության, տարածաշրջանային անվտանգության և գլոբալ անվտանգության հետ։ Եվրոպային անհրաժեշտ է հուսալի և մատչելի էներգիա, հատկապես՝ ձմռան ամիսներին», ասել է պետքարտուղար Բլինքենը։ «Մենք աշխատում ենք միասին, որպեսզի պաշտպանենք Եվրոպայի էներգամատակարարումը ցնցումներից, այդ թվում և այն ցնցումներից, որոնք կարող են առաջանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հետագա ագրեսիայի արդյունքում»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG