Accessibility links

Breaking News

Ռուս-ուկրաինական ճգնաժամի լուծման միակ ճանապարհը դիվանագիտությունն է


Ռուսաստանը միջազգային ճգնաժամ է առաջացրել՝ Ուկրաինայի սահմանների մոտ կենտրոնացնելով 100.000 զինծառայող։

«Ռուսաստանն է պատրաստել ներքին դիվերսիայի, ապակայունացման և շեղող մանևրներ Ուկրաինայի համար», հայտարարել է քաղաքական հարցերով փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը վերջերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Եվ հենց Ռուսաստանն է ապատեղեկատվություն և ստեր տարածում Ուկրաինայի, Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի մասին՝ սեփական գործողություններն արդարացնելու համար»։

Միացյալ Նահանգներն այդ սադրանքներին պատասխանել է դիվանագիտական բանակցությունների շարքով։ «Դիվանագիտությունը», ընդգծել է Նուլանդը, «Ուկրաինայի, Եվրոպայի և հենց Ռուսաստանի համար կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու լավագույն միջոցն է»։

Ռուսաստանի հետ Ռազմավարական կայունության շուրջ երկխոսության շրջանակներում ԱՄՆ-ն ցույց է տվել, որ հետամուտ է դիվանագիտությանը՝ բանակցությունների սեղանին դնելով մի շարք նախնական թեզեր, այդ թվում՝ ռազմական թափանցիկության, ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների և զորավարժությունների վերաբերյալ, նշել է փոխպետքարտուղար Նուլանդը.

«Մենք նաև շեշտել ենք, որ իրական առաջընթացը հնարավոր է միայն լարվածության թուլացման, այլ ոչ թե լարվածության պայմաններում, և հիրավի փոխադարձության սկզբունքով։ Դրա համար հարկավոր է, որ Ռուսաստանը մնա բանակցությունների սեղանի շուրջ և կոնկրետ քայլեր ձեռնարկի լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ»։

«Ռուսաստանն այժմ պետք է լրջամիտ ընտրություն կատարի՝ գնալ դիվանագիտության և երկխոսության ճանապարհով, թե փոխարենը ձգտել առճակատման և դիմակայել դրանից բխող ահռելի հետևանքներին», հայտարարել է Նուլանդը.

«Եթե Ռուսաստանի կառավարությունը շարունակի հետագա ներխուժումը Ուկրաինա և է՛լ ավելի ապակայունացնի Ուկրաինան, ապա մենք, մեր դաշնակիցների և գործընկերների հետ համաձայնությամբ, վճռական ենք կոշտ պատժամիջոցներ կիրառել։ Մենք կհակազդենք զանգվածային տնտեսական միջոցառումներով, այդ թվում՝ նախկինում չկիրառված, և լրջագույն վնաս կհասցնենք Ռուսաստանի տնտեսությանը և ֆինանսական համակարգին»։

«Սակայն թույլ տվեք ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք գերադասում ենք դիվանագիտությունը», ասել է Նուլանդը՝ նշելով, որ այդ մոտեցումը նախկինում արդյունք է տվել։ «Մենք բանակցել ենք մի շարք փաստաթղթերի շուրջ, որոնք հիմք են հանդիսացել խաղաղության և անվտանգության համար, ներառյալ՝ Հելսինկյան համաձայնագրերը, Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագիրը և սպառազինությունների վերահսկման այլ համաձայնագրեր»։

Առաջընթացի ճանապարհը դիվանագիտական ջանքերն են՝ լիակատար խորհրդակցությամբ և համաձայնեցված մեր դաշնակիցների և բոլոր այն երկրների հետ, որոնց շահերը տուժել են։ «Սա այն է, ինչ պետք է տեղի ունենա հիմա», ամփոփել է փոխպետքարտուղար Նուլանդը։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG