Աշխարհագրորեն՝ նրանց ընտրած տարածքի կենտրոնում էր Սրեբրենիցան, որը պատմականորեն եղել է բոսնիացի մահմեդական բնակչության բնօրրանը։
Երեք տարի շարունակ բոսնիացի սերբ ազգայնականները հետապնդում և ահաբեկում էին Սրեբրենիցայի բոսնիացի մահմեդական բնակչությանը։ Ի վերջո, պատերազմի ավարտին Սերբական Հանրապետության բանակի ստորաբաժանումները՝ գեներալ Ռատկո Մլադիչի հրամանատարությամբ, ներխուժեցին պաշարված Սրեբրենիցա, որը Միավորված ազգերի կազմակերպության պաշտպանության ներքո գտնվող «անվտանգության գոտի» էր։ Սերբական զորքերը օղակի մեջ առան բնակչությանը, այդ թվում՝ հարակից գյուղերից հարյուրավոր փախստականների։ Կանանց և փոքր երեխաներին առանձնացնելուց հետո, նրանք համակարգված կերպով սպանեցին տասնհինգ տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց։ 1995 թվականի հուլիսի 11-ից 31-ն ընկած ժամանակահատվածում նրանք կոտորել են 7-ից 8 հազար անզեն տղամարդկանց ու տղաների։
ՄԱԿ-ի 1948 թվականին ընդունած՝ ցեղասպանության մասին կոնվենցիան ցեղասպանությունը սահմանում է որպես «ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական որևէ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ կատարված գործողություններ»։ Ճի՛շտ այն, ինչ տեղի ունեցավ Սրեբրենիցայում՝ համաձայն Սրեբրենիցայում և մերձակայքում տեղի ունեցած իրադարձությունների հետաքննության հարցերով հանձնաժողովի 2004 թվականին հրապարակած զեկույցի։ Դեռ այն ժամանակ Սերբական Հանրապետության կառավարությունը, որն այժմ ինքնավար շրջան է Բոսնիա և Հերցեգովինայի կազմում, պաշտոնապես ներողություն խնդրեց։ Սակայն 14 տարի անց Սերբական Հանրապետության Ազգային ժողովը մերժեց զեկույցը՝ պնդելով, որ զոհերից շատերը դեռ ողջ են։ Մինչ օրս հաճախ կարելի է հանդիպել Սրեբրենիցայի ցեղասպանությունը ժխտող և այդ գործողություններն իրականացրած անձանց փառաբանող հայտարարությունների։
Ելույթ ունենալով Սրեբրենիցայի կոտորածի հիշատակի օրվա 28-րդ տարելիցին՝ Բոսնիա և Հերցեգովինայում ԱՄՆ դեսպան Մայքլ Մերֆին ասել է, որ ամերիկացի ժողովուրդը համերաշխ է զոհերի, վերապրածների և իրենց սիրելիներին սգացող ընտանիքների հետ։
«Սրեբրենիցայում ցեղասպանության մասին փաստերը կասկածից դուրս են»,- հայտարարել է դեսպան Մերֆին։
«Միացյալ Նահանգները կոչ է անում Բոսնիա և Հերցեգովինայի քաղաքական առաջնորդներին հարգանք ցուցաբերել ճշմարտության, Սրեբրենիցայում ցեղասպանության զոհերի հիշատակի ու Բոսնիա և Հերցեգովինայի ապագայի նկատմամբ, որը կախված է Սրեբրենիցայում տեղի ունեցած ցեղասպանության փաստը ճանաչելու, ինչպես նաև այս և 1992-1995 թվականների պատերազմի շատ այլ սխալների շտկմանն ուղղված անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նրանց կարողությունից»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետ
Բոսնիական պատերազմի ժամանակ, որը տևեց 1992-ից 1995 թվականը, բոսնիացի սերբերը՝ նախկին Հարավսլավիայի կազմի մեջ մտնող խոշոր էթնիկ խմբերից մեկը, ձգտում էին ստեղծել էթնիկ առումով միատարր երկիր՝ Սերբական Հանրապետությունը։