Դեսպան Վուդի խոսքով՝ խաղաղապահ գործունեությունն ապացուցել է իր արդյունավետությունը քաղաքացիական բնակչության պաշտպանության, խաղաղ համաձայնագրերի աջակցության, հյուրընկալ պատասխանատու երկրների իշխանությունների կարողությունների ամրապնդման և հակամարտությունների վերսկսումը կանխարգելելու գործում։
«Մենք հավատում ենք այս մեխանիզմի արդյունավետությանը և անհրաժեշտության դեպքում կշարունակենք աջակցել ընթացիկ ու նոր բազմակողմ առաքելություններին։ Միևնույն ժամանակ, պետք է ուսումնասիրենք այլ մոդելներ, որոնք կարող են պահանջվել տարբեր սցենարների դեպքում։ Որոշ դեպքերում ավելի նպատակային մանդատը՝ ուղղված ավելի կոնկրետ և սահմանափակ խնդիրների լուծմանը, կարող է ավելի լավ համապատասխանել իրավիճակին և ավելի հաջողությամբ ապահովել [ՄԱԿ Անվտանգության] խորհրդի լայն աջակցությունը։
Որոշ դեպքերում կարող է ավելի արդյունավետ լինել, եթե Աֆրիկյան միությունը կամ տարածաշրջանային կազմակերպությունը ղեկավարի առաքելության գործողությունները։ Անվտանգության խորհրդի վերջերս ընդունած 2719 բանաձևը նախատեսում է «ՄԱԿ-ի աջակցության մեխանիզմ Աֆրիկյան միության՝ [ՄԱԿ-ի Անվտանգության] խորհրդի կողմից լիազորված խաղաղապահ գործողություններին»,- ասել է դեսպան Վուդը։
Դեսպան Վուդի խոսքով՝ կան մի քանի առանցքային՝ ինչպես հին, այնպես էլ նոր գործոններ, որոնք կարևոր են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների հաջողության համար։
«Նախևառաջ մենք պետք է հավատարիմ մնանք խաղաղության պահպանման հիմնական սկզբունքներին՝ ներառյալ անկողմնակալությունը։ ՄԱԿ-ի առաքելությունները չեն գործում որպես ընդունող երկրների կառավարություններին ծառայություն մատուցողներ, դրանք անկողմնակալ սուբյեկտներ են, որոնց մանդատը միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալիքների վերացումն է՝ անկախ այդ սպառնալիքի աղբյուրից։
«Երկրորդ, առաքելությունները պետք է գործեն անխոչընդոտ, որպեսզի արդյունավետ կերպով կատարեն իրենց մանդատները և երաշխավորեն իրենց անձնակազմի ապահովությունն ու անվտանգությունը»,- ընդգծել է դեսպան Վուդը։
«Երբ խաղաղապահները բախվում են խոչընդոտների կամ մուտքի սահմանափակումների, [ՄԱԿ-ի Անվտանգության] խորհուրդը պարտավոր է օպերատիվ գործել՝ աջակցելու առաքելությանը և ապահովելու դրա անխափան գործունեությունը՝ համաձայն ուժերի կարգավիճակի մասին համաձայնագրի»։
Վերջապես, խաղաղապահ առաքելությունները կյանքի են կոչվում, որպեսզի ավելի ապահով ու անվտանգ պայմաններ ստեղծեն քաղաքացիական անձանց համար, որոնց կյանքը խաթարվում է հակամարտությունների պատճառով»։
«Անկախ այն հանգամանքից, թե կկիրառվեն գոյություն ունեցող կամ նոր մոդելներ, խաղաղ բնակչության պաշտպանությունը և նրանց համար ավելի խաղաղ ու անվտանգ միջավայրի ստեղծումը պետք է լինի խաղաղապահ գործունեության առանցքային նպատակը։ Այս առումով խաղաղապահ գործողությունները հիմք են ապահովում երկարաժամկետ քաղաքական լուծումների համար, ինչը պահանջում է կանանց, երիտասարդների և այլ մարգինալացված խմբերի իրական ներգրավվածություն»։
ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությունը մնում է հակամարտությունների կանխարգելման և հետևանքների մեղմման անգնահատելի գործիք։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։