Բացի այդ, հարյուր հազարավոր մարդիկ բռնի կերպով արտաքսվել են Ռուսաստան «զտման» գործողությունների արդյունքում։ Բնակչության գրեթե կեսը մարդասիրական օգնության կարիք ունի, իսկ ձմեռն արդեն մոտ է։ Իրավիճակն է՛լ ավելի է վատթարանում, քանի որ ռուսական զորքերը ավելի կատաղի հարվածներ են հասցնում քաղաքացիական և հումանիտար ենթակառուցվածքներին։
ՄԱԿ-ի գնահատմամբ՝ ուկրաինացիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար կպահանջվի 4,3 միլիարդ դոլար։ Փետրվար ամսից Միացյալ Նահանգները տրամադրել է ավելի քան 1,5 միլիարդ դոլարի մարդասիրական աջակցություն՝ ապահովելու պարենային և ֆինանսական, ջրամատակարարման, սանիտարական, առողջապահական, պաշտպանության և այլ կենսական կարևոր օգնություն։ «Մենք կոչ ենք անում երկրներին օգնել ՄԱԿ-ին՝ հասնելու այս նպատակին, քանի որ մենք շարունակում ենք ամուր կանգնած մնալ ուկրաինացի ժողովրդի թիկունքին», ասել է Միավորված ազգերի կազմակերպությունում հատուկ քաղաքական հարցերով ԱՄՆ ավագ խորհրդական Ջեֆրի ԴեԼաուրենտիսը։
Փետրվարին իր լայնամասշտաբ ներխուժման սկզբից ևեթ Ռուսաստանը անհարգալից վերաբերմունք է դրսևորել Անվտանգության խորհրդի նկատմամբ։ Բացի այդ, ապացույցներ կան, որ օգոստոս ամսից, ի խախտումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի, Իրանը Ռուսաստանին է փոխանցել անօդաչու թռչող սարքեր կամ ԱԹՍ-ներ։ Իրանական ծագման այս ԱԹՍ-ները հետագայում օգտագործվել են ուկրաինացի խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ բազմաթիվ հարձակումների ժամանակ։ Ի լրումն Ուկրաինայում հայտնաբերված այս ԱԹՍ-ների հեշտությամբ ճանաչելի բեկորների, կան բավականաչափ հանրամատչելի փաստագրություններ՝ ներառյալ լուսանկարներ ու տեսանյութեր, Ուկրաինայի դեմ այդ ԱԹՍ-ների օգտագործման վերաբերյալ։
Դեսպան ԴեԼաուրենտիսը կոչ է արել ՄԱԿ-ին «հետաքննել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի ցանկացած խախտում»։
Պատերազմի կարևոր կողմնակի հետևանքներից է գլոբալ պարենային անվտանգության ոլորտում իրավիճակի վատթարացումը։ «Մենք պետք է շարունակենք սատարել «Սևծովյան հացահատիկի նախաձեռնության» ջանքերը և աշխատել այն թարմացնելու ուղղությամբ», հորդորել է դեսպան ԴեԼաուրենտիսը։ Այդ նախաձեռնության շրջանակներում 9,8 միլիոն տոննա հացահատիկով և այլ պարենով բեռնված ավելի քան 400 նավ դուրս է եկել Ուկրաինայի նավահանգիստներից։ Ինչպես նշվել է ՄԱԿ-ում, նախաձեռնությունն օգնել է կարգավորել շուկան և սահմանափակել պարենային ապրանքների գնաճը։
Դեսպան ԴեԼաուրենտիսը կոչ է արել Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին հանդես գալ Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի դեմ. «Եթե կանայք կարևոր են, կոչ արեք Ռուսաստանին լռեցնել իր զենքերը։ Եթե երեխաները կարևոր են, հորդորեք Ռուսաստանին դուրս բերել իր զորքերը։ Եթե ՄԱԿ-ի կանոնադրությունը կարևոր է, կոչ արեք Ռուսաստանին հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը։ Անորոշ դիվանագիտական կոչերը լոկ հնարավորություն են տալիս Ռուսաստանին նոր խախտումներ իրագործելու համար»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։
Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հանգեցրել է մարդասիրական աղետի։ Ավելի քան 7,7 միլիոն փախստականներ Ուկրաինայից ապրում են Եվրոպայի 40 երկրներում, և ավելի քան վեց միլիոն մարդ համարվում է տեղահանված երկրի ներսում։ Բնակչության գրեթե մեկ երրորդը չի կարող տուն վերադառնալ։