Accessibility links

Breaking News

Հակամարտությունների պատճառով առաջացած սովը վերածվում է պատերազմական զենքի


Միացյալ Ազգերի Կազմակերպության տվյալներով՝ այս տարին, ամենայն հավանականությամբ, կդառնա պատմության մեջ ամենաանբարենպաստը պարենային անվտանգության տեսակետից։

ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում ԱՄՆ ներկայացուցիչ Լիզա Քարթիի խոսքերով՝ ճգնաժամը հիմնականում պայմանավորված է հակամարտություններով։

«Գնալով ավելի հաճախ պատերազմող կողմերը միտումնավոր ոչնչացնում են ֆերմաները կամ արգելափակում առևտրային ուղիները՝ մարդկանց սովամահության մատնելու բացահայտ նպատակով»։

Ռուսաստանն օգտագործում է այս մարտավարությունը Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում, և դրա հետևանքները արդեն զգացվում են աշխարհի բնակչության առավել խոցելի խմբերի շրջանակներում, արձանագրել է դեսպան Քարթին։

«Ուկրաինան ցորենի հինգերորդ ամենախոշոր արտահանողն է աշխարհում և երկրորդը՝ արևածաղկի ձեթի արտահանման շուկայում։ Ռուսաստանը խաթարում է այս հիմնական մշակաբույսերի արտադրությունը՝ ռմբակոծելով քաղաքացիական ենթակառուցվածքները, տեղադրելով ականներ ուկրաինական հողերում և նույնիսկ միտումնավոր ու բազմիցս վնասելով ուկրաինական հացահատիկի ամբարները՝ մեր վերջին տվյալներով՝ վեցը։ Իսկ Ռուսաստանի կողմից ուկրաինական նավահանգիստների շրջափակումը խոչընդոտում է այն պարենամթերքի արտահանմանը, որը Ուկրաինան դեռևս կարող է արտահանել ծայրահեղ կարիք ունեցող այլ երկրներ»։

Զարմանալի չէ, որ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը կործանարար ազդեցություն է թողնում պարենային համակարգերի վրա բոլոր մակարդակներում՝ համաշխարհայինից մինչև տեղական։ Եվ հետևանքները սարսափելի են լինելու։ Այն շրջանները, որոնք արդեն պարենի պակաս ունեն, այժմ ավելի մեծ հավանականությամբ կբախվեն աղետալի սովի և մահացության խնդրին պարենամթերքի գների բարձրացման պատճառով։

«Ըստ կանխատեսումների՝ Եմենում սովի սպառանալիքի տակ հայտնված մարդկանց թիվը մինչև հունիս կհնգապատկվի, և այդ կանխատեսումն արվել էր նախքան Ռուսաստանի պատերազմական գործողությունները սկսել են ազդել պարենային ապրանքների գների վրա։ …

Եթովպիայում մոտ ինը միլիոն մարդ բախվում է պարենային լուրջ անապահովության խնդրի։ Մասնավորապես Տիգրայում մարդկանց ավելի քան 90 տոկոսն օգնության կարիք ունի։

Հարավային Սուդանում հակամարտությունը սովի երկու ալիքի պատճառ է դարձել վերջին հինգ տարում, և վերլուծաբանները զգուշացնում են, որ ևս մեկը կարող է տեղի ունենալ 2022 թվականին։

Իսկ Սիրիայում մոտ 12 միլիոն մարդ ապրում է սուր պարենային անապահովության պայմաններում»։

Այնուամենայնիվ, «Այս ճգնաժամերն անխուսափելի չեն։ Իրականում մենք տեսել ենք, թե ինչպես վաղաժամ և նախաձեռնարկ գործողությունները կարող են օգնել կանխելու սովը», նշել է դեսպան Քարթին։

«Ինչ վերաբերում է մեզ, Միացյալ Նահանգները կշարունակի կենսական կարևոր օգնություն տրամադրել ԱՄՆ ՄԶԳ-ի և «Սնուցել ապագան» ծրագրի միջոցով։ Մենք կշարունակենք մնալ Պարենի համաշխարհային ծրագրի ու Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ամենախոշոր դոնորը», հավաստիացրել է նա։

«Մենք կարող ենք կյանքեր փրկել, եթե գործենք վաղ՝ նախքան ճգնաժամի վատթարագույն հետևանքները սկսվելը։ … Այսօր սովի համար արդարացում չի կարող լինել»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG