Անգլիական միապետության հետ կապերը խզելու որոշման համար պահանջվեցին տարիներ, և, ի վերջո, այն կայացվեց առաջին հայացքից միմյանց հետ կապ չունեցող, սակայն իրականում փոխկապակցված երկու պատճառներով։ Առաջինը՝ Անգլիայի կառավարության երկարաժամկետ մղումն էր ավելի խիստ վերահսկողություն սահմանել գաղութաբնակների հանդեպ։ Երկրորդը՝ նրանց նկատմամբ հարկային բեռի կիրառումն էր՝ այդպիսով փորձելով մարել անգլիական թագի ահռելի պարտքերը, որոնց մեծ մասը կուտակվել էր ֆրանսիացիների և հնդկացիների հետ 1754 թվականի պատերազմի արդյունքում, որը Անգլիայի և Ֆրանսիայի միջև դարավոր հակամարտության շարունակությունն էր։
1764 թվականից Անգլիայի խորհրդարանը սկսեց սահմանել հատուկ գաղութաբնակների համար նախատեսված հարկեր։ Առաջինը՝ շաքարի հարկն էր, որից հետո հարկային բեռի տակ հայտնվեց ապրանքների անընդհատ աճող մի ամբողջ ցուցակ՝ թերթեր, ապակի, իրավական փաստաթղթեր, ներկեր, թեյ և այլն։ Յուրաքանչյուր նոր հարկը բողոքի նոր ալիք էր առաջացնում։
Ի վերջո, հարկերը դարձան պատժիչ, բողոքի ցույցերը՝ ավելի բուռն, իսկ կառավարության արձագանքը՝ ավելի կոշտ։ Իրավիճակը հատկապես սրվել էր Բոստոնում։ Վերջին կաթիլը 1775-ի փետրվարին բրիտանական խորհրդարանի որոշումն էր Բոստոնի նավահանգիստը փակելու մասին։ Բոստոնը սկսեց պատրաստվել պատերազմի։ Այսպիսով, թեև անկախության համար ամերիկյան պատերազմը պաշտոնապես սկսվել է 1776 թվականի հուլիսի 4-ին, առաջին ճակատամարտը տեղի է ունեցել 1775 թվականի ապրիլի 17-ին Բոստոնի արևմուտքում։
Հեղափոխությունից հետո նորաստեղծ Միացյալ Նահանգների առաջնորդների շրջանում թարմ էին բրիտանական տիրապետության չարաշահումների հիշողությունները։ Առաջնորդվելով Լուսավորչության ազատական իդեալներով՝ նրանք արմատապես փոխեցին կառավարության և ենթակաների միջև ընդունված հարաբերությունները։ Կառավարությունը՝ սերնդեսերունդ փոխանցվող իշխող դասի գլխավորությամբ, փոխարինվեց նահանգային և համապետական մակարդակներում ընտրված գործադիր մարմիններով։ Հասարակ քաղաքացիները գնալով ավելի կարևոր դեր էին խաղում տեղական և պետական կառավարման գործում։ Որքան ավելի շատ մարդ էր ստանում ընտրելու իրավունք, այնքան ավելի էր մեծանում մասնակցությունը քաղաքական կյանքում։ Մեկ տասնամյակ անց, այդ գաղափարով տոգորված, ամբողջ աշխարհում հասունացան ժողովրդավարական բարեփոխումներ և հանուն անկախության շարժումներ։
Թոմաս Ջեֆերսոնը, որը հետագայում դարձավ Միացյալ Նահանգների երրորդ նախագահը, արդարացնելով Բրիտանիայից անջատվելու ամերիկյան գաղութների որոշումը, գրել է Անկախության հռչակագրում. «Երբ չարաշահումների և ոչ իրավաչափ գործողությունների երկար շարքը, որոնք մշտապես հետապնդում են նույն նպատակը, բացահայտում է նրանց լիակատար բռնապետության ենթարկելու մղումը, ապա դա նրանց իրավունքն է, նրանց պարտքն է տապալել նման կառավարությունը»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։