Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև խնդիրները


Նախագահ Ջո Բայդընի խոսքերով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են բազմաթիվ թեմաներ՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև «կայուն և կանխատեսելի» հարաբերությունների զարգացման նպատակով։

Այդ հարցերի թվում էր ռազմավարական կայունությունը, ներառյալ՝ սպառազինության վերահսկումը։ Մամուլի ճեպազրույցում Նախագահ Բայդընը ողջունել է Միացյալ Նահանգների հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությանը միանալու Ռուսաստանի որոշումը։ Այդ երկխոսության միջոցով Միացյալ Նահանգները և Ռուսաստանը ձգտում են հիմք դնել սպառազինությունների վերահսկմանը և ռիսկերի նվազեցմանն ուղղված հետագա միջոցառումների համար։

Ուշադրության արժանացած հարցերի թվում էր նաև կիբեռանվտանգությունը, որը հատկապես արդիական է դարձել «SolarWinds» ընկերության վրա Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության կողմից իրականացված հարձակումից հետո, ինչի արդյունքում խափանվել էին հարյուրավոր համակարգիչներ ամբողջ աշխարհում։ Ռուսաստանի տարածքից շորթման ծրագրերի միջոցով մի շարք հարձակումները նույնպես ընդգծում են հարցի արդիականությունը։ Ինչպես նշել է նախագահ Բայդընը. «Մենք պայմանավորվեցինք հանձնարարել մեր երկու երկրների փորձագետներին աշխատանք տանել որոշակի հասկացությունների ուղղությամբ, թե ինչն է արգելված [կիբեռներխուժումների առումով], և հետևել մեր երկրներից որևէ մեկում տեղի ունեցող կոնկրետ դեպքերին»։

Քննարկվել է նաև միլիոնավոր տուժած սիրիացիներին Միացյալ Նահանգների և Ռուսաստանի կողմից մարդասիրական օգնության շարունակական հոսքի ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև Աֆղանստանում ահաբեկչության արմատավորումը կանխելու գործում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հնարավոր ներդրումները։ Ուշադրության կենտրոնում էին նաև երաշխիքները, որ Իրանի վարչակարգը երբեք չստանա միջուկային զենք։

Նախագահ Բայդընը խրթին հարցադրումներ է ուղղել նախագահ Պուտինին, այդ թվում՝ արտահայտելով «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը»։

Նա նաև ասել է Պուտինին, որ «մարդու իրավունքները միշտ օրակարգում են լինելու։ ... Դա բխում է մեր արժեհամակարգից», ասել է պարոն Բայդընը։

Նախագահ Բայդընն անդրադարձել է ընդդիմության բանտարկված առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի հարցին և ասել է լրագրողներին, որ հստակ ուղերձ է հղել նախագահ Պուտինին, այն է՝ եթե Նավալնին մահանա բանտում, «դրա հետևանքները կործանարար կլինեն Ռուսաստանի համար»։ Նա նաև բարձրացրել է Կրեմլի կողմից Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան ամերիկյան հեռարձակման ցանցի հետապնդման հարցը և նախագահ Պուտինի հետ զրույցում շեշտել է «ազատ մամուլի և խոսքի ազատության կարևորությունը»։

Նախագահ Բայդընն ասել է, որ մի քանի ժամ տևած գագաթնաժողովն անցել է «դրական» մթնոլորտում։ Նա նշել է, որ հասել է հանդիպման շրջանակում իր նպատակին, մասնավորապես՝ հստակեցրել է այն ոլորտները, որոնցում մեր երկու երկրները կարող են խթանել իրենց փոխադարձ շահերը և օգուտ բերել աշխարհին։ Ուղղակիորեն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարձագանքի, եթե մեր կենսական շահերը հայտնվեն սպառնալիքի տակ, և հստակ ձևակերպել է մեր երկրի արժեքները։

«Առջևում դեռ շատ աշխատանք կա», ասել է նախագահ Բայդընը։ Բայց «այժմ մենք հստակ հիմք ենք ստեղծել, թե ինչպես ենք մտադիր գործել Ռուսաստանի հետ և ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG