Ինչպես վերջերս տված հարցազրույցում պարզաբանեց Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի տեղակալ Բոնի Ջենքինսը, «AUKUS-ը գործընկերություն է ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության և Ավստրալիայի միջև, և այս գործընկերության հիմնարար կողմերից մեկը խաղաղության և անվտանգության ամրապնդումն է [Հնդկա]Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»։
«Առաջին ուղղությունը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օգնությունն է Ավստրալիային միջուկային սուզանավ տրամադրելու հարցում»։
«Երկրորդ ուղղությունը այլ երկրների հետ աշխատանքն է՝ առաջադեմ տեխնոլոգիաների խթանման առումով, որը ներառում է ամեն ինչ՝ արհեստական բանականությունից և ինքնավարությունից սկսած մինչև ստորջրյա ծովային հնարավորություններ, առաջադեմ կիբեր [կարողություններ], քվանտային հնարավորություններ, գերձայնային և հակագերձայնային հնարավորություններ, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ»։
Պետքարտուղարի տեղակալ Ջենքինսը նշել է, որ Խաղաղ օվկիանոսում տասնամյակներ շարունակ միջուկային սուզանավեր կան։
«ԱՄՆ-ն և ՄԹ-ն միջուկային սուզանավեր են ունեցել ավելի քան 60 տարի… Կան նաև այլ երկրներ, որոնք օգտագործել են միջուկային սուզանավեր, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Ռուսաստանը, Հնդկաստանը և Ֆրանսիան»։
Պետքարտուղարի տեղակալ Ջենքինսն ընդգծել է, որ թեև նավերը միջուկային շարժիչներով են աշխատում, «այդ սուզանավերը հագեցած են սովորական սպառազինությամբ»։
«AUKUS-ի այս համաձայնագրի բոլոր երեք գործընկերները Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ և մասնակից պետություններ են. . .Ավստրալիան միջուկային զենք չունեցող պետություն է։ Այն հանձնառու է մնալ ոչ միջուկային պետություն. . .Այն չի մշակելու միջուկային զենք»։
Փաստորեն, AUKUS-ի գործընկերության մասին առաջին հայտարարությունից հետո, ասել է փոխպետքարտուղար Ջենքինսը, նախագահ Բայդենը հստակ նշել է, որ միջուկային զենքի չտարածումը գլխավոր առաջնահերթություն է։
Բոլոր երեք գործընկերները կանոնավոր կերպով այցելում են Վիեննա՝ հանդիպելու ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների հետ՝ համոզվելու համար, որ AUKUS-ը կատարում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակներում գործընկերների պարտավորությունները և սահմանում է չտարածման ամենաբարձր չափանիշները։
Պետքարտուղարի տեղակալ Ջենքինսն ընդգծել է, որ «21-րդ դարը իսկապես սահմանելու է Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը»։
«Ուստի և այս պահին իսկապես կարևոր է, որ մենք արդիականացնենք մեր դաշինքները տարածաշրջանի գործընկերների հետ…, որպեսզի իսկապես ապահովենք ապագայի ամրապնդումը խաղաղության և անվտանգության տեսակետից»։
«Մենք դա դիտարկում ենք նաև որպես հնարավորություն», ասել է փոխպետքարտուղար Ջենքինսը, «գիտնականների և արդյունաբերության ներկայացուցիչների, ինչպես նաև նավաստիների համար՝ միասին աշխատելու և զարգացնելու իրենց [ընդհանուր] կարողություններն ու տեխնոլոգիաները, որոնք նպաստում են այս նպատակի իրականացմանը»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։
Խաղաղության և անվտանգության ամրապնդում Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում
Մարտի 13-ին, Ավստրալիայի և Միացյալ Թագավորության վարչապետների կողքին կանգնած, նախագահ Ջո Բայդենը հայտարարեց անվտանգության ոլորտում 2021 թվականին սկիզբ առած կարևոր եռակողմ պայմանագրի զարգացման մասին, որը հայտնի է որպես AUKUS։