Accessibility links

Breaking News

Խերսոնը, Զապորոժիեն, Դոնեցկը և Լուգանսկը Ուկրաինա են


Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ռուսաստանի կողմից ուկրաինական չորս շրջանների՝ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի բռնակցման փորձի մասին։ Դրանցից և ոչ մեկը Ռուսաստանի լիակատար վերահսկողության տակ չէր։

Պուտինն այդ հայտարարությունն արեց բեմադրված, բացահայտ կեղծված «հանրաքվեներից» անմիջապես հետո, որոնք կոչված էին ցույց տալու, որ այդ տարածքներում բնակվող Ուկրաինայի քաղաքացիները համաձայն են Ռուսաստանի կողմից բռնակցման փորձի հետ։

«Ինչպես և 2014 թվականին [երբ Պուտինը հայտարարեց Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Ղրիմի թերակղզու ենթադրյալ բռնակցման մասին], Ռուսաստանը փորձում է աշխարհի վճռականությունը՝ պաշտպանելու միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները», ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հոկտեմբերի կեսերին՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանի ժամանակ, որը նվիրված էր Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա։

«Այլապես ինչպե՞ս բացատրել ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, խաղաղության և անվտանգության արժեքների անթաքույց անտեսումը։ Այլապես ինչպե՞ս բացատրել քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա սարսափելի հարձակումները, որոնց ականատես եղանք այս շաբաթ։ Այլապես ինչպե՞ս բացատրել Պուտինի կողմից զենքով սպառնալը և միջուկային զենք կիրառելու նրա քողարկված սպառնալիքները։ Դրանք սպառնալիքներ են այս հաստատության հասցեին։ Դրանք սպառնալիքներ են բոլորիս հասցեին»։

Ելույթ ունենալով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի բանաձևի քվեարկությանը նախորդող քննարկմանը, որով կոչ է արվում երկրներին չճանաչել Ուկրաինայի այս չորս մարզերը բռնակցելու Ռուսաստանի փորձը, դեսպան Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունները տեղ չունեն մեր ժամանակակից աշխարհում։

«Այդ նպատակով է այս բանաձևը խաղաղության և դեէսկալացիայի կոչ անում։ Բայց այն նաև հստակ հասկացնում է, որ մենք մերժում ենք Ռուսաստանի կողմից բռնակցման փորձերը, որ մենք մերժում ենք տարածքային ամբողջականության, ազգային ինքնիշխանության, խաղաղության և անվտանգության դեմ ուղղված այդ հանդգնությունը»։

Բանաձևն ընդունվել է անդամ պետությունների 143 կողմ, 5 դեմ և 35 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

«Բանաձևը չափազանց կարևոր ազդակ է ուղարկում Մոսկվային և ամբողջ աշխարհին», ասել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը։

«Կարևոր չէ՝ մեծ երկիր եք, թե՝ փոքր, հարուստ, թե՝ աղքատ, հին, թե՝ նոր։ Եթե հանդիսանում եք ՄԱԿ-ի անդամ պետություն, ձեր սահմանները ձեզ են պատկանում և պաշտպանվում են միջազգային իրավունքով։ Եվ դա վերաբերում է ՄԱԿ-ի անդամ յուրաքանչյուր երկրին։ Ոչ ոք չի կարող դրանք ուժով վերասահմանել»։

«[Այդ] քվեարկությունը գործնական ազդեցություն ունի։ Դա նշանակում է, որ աշխարհի և Միավորված ազգերի կազմակերպության տեսանկյունից Ուկրաինայի սահմանները մնում են նույնը», ասել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը։

Ինչպես նշել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը, «Խերսոնը՝ Ուկրաինա է։ Զապորոժիեն՝ Ուկրաինա է։ Դոնեցկը՝ Ուկրաինա է։ Լուգանսկը՝ Ուկրաինա է։ Իսկ Ուկրաինան շարունակում է մնալ Ուկրաինա»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG