Accessibility links

Breaking News

ՆԱՏՕ-ն չի հրաժարվի իր «բաց դռների» քաղաքականությունից


Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի զանգվածային կուտակումների պայմաններում, ինչպես նաև Ռուսաստանի և անդրատլանտյան դաշինքի անդամների միջև դիվանագիտական բանակցությունների ընթացքում, որոնք ուղղված են ճգնաժամի թուլացմանը, լուրջ տարաձայնության առարկա դարձած հարցերից մեկը Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի այլ երկրների՝ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) հնարավոր անդամակցությունն է։

«Շատ կարևոր է, որ Ուկրաինան ապագայում երբեք չկարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին», հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև Ռազմավարական կայունության շուրջ երկխոսության ավարտին։ «Ո՛չ Ուկրաինան, ո՛չ Վրաստանը չպետք է դառնան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ»։

ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Ուենդի Շերմանը, որը բանակցությունների ընթացքում գլխավորում էր ԱՄՆ-ի պատվիրակությունը, այդ գաղափարն անընդունելի է համարել։ «Մենք ոչ ոքի թույլ չենք տա փակել ՆԱՏՕ-ի «Բաց դռների» քաղաքականությունը, որը միշտ առաջնահերթ նշանակություն է ունեցել ՆԱՏՕ-ի համար», ասել է նա հանդիպումից հետո։ Մենք հստակ նշել ենք, որ այլ երկրների փոխարեն որոշումներ չենք կայացնում։ Մենք չենք համաձայնի, որ որևէ երկիր վետոյի իրավունք ունենա ցանկացած այլ երկրի որոշումների նկատմամբ, երբ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ին անդամակցությանը»։

Անցյալ շաբաթ մի շարք դիվանագիտական հանդիպումներից առաջ լրագրողների հետ զրույցում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՆԱՏՕ-ի ընդլայնումը սահմանափակելու Ռուսաստանի փորձն անվանել է «կեղծ օրակարգի» մաս։

«ՆԱՏՕ-ն երբեք չի խոստացել չընդունել նոր անդամներ», ասել է նա։ «Դաշինքը չէր կարող դա անել և չէր անի. «բաց դռների քաղաքականությունը» եղել է 1949 թվականին կնքված ՆԱՏՕ-ի ստեղծման մասին Հյուսիսատլանտյան պայմանագրի հիմնական դրույթներից…։ Դաշինքին անդամակցության որոշումը միշտ գտնվել է ՆԱՏՕ-ի և դաշինքին միանալ ձգտող երկրների տիրույթում, և ոչ մի այլ կողմի»։

Պետքարտուղար Բլինքենը հավելել է, որ 1999 թվականին ստորագրված Եվրոպական անվտանգության Ստամբուլի խարտիայում «Ռուսաստանը հաստատել է երկրների իրավունքը՝ ընտրելու կամ փոխելու իրենց անվտանգության մեխանիզմները, ներառյալ՝ դաշինքները»։

«Այժմ Ռուսաստանը պահանջում է, որ և՛ Միացյալ Նահանգները, և՛ ՆԱՏՕ-ն ստորագրեն համաձայնագրեր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում դաշնակիցների տարածքում տեղակայված ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերման և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին երբևէ անդամակցելու արգելման վերաբերյալ», նշել է նա։

Վերջերս հեռուստահարցազրույցի ժամանակ պետքարտուղար Բլինքենն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակներից մեկն է «վերականգնել ազդեցության տիրույթն այն երկրներում, որոնք նախկինում եղել են Խորհրդային Միության կազմում։ Սա անընդունելի է», հայտարարել է նա։ «Դա անկայունության բաղադրատոմս էր, հակամարտության բաղադրատոմս. բաղադրատոմս, որը հանգեցրել է համաշխարհային պատերազմների։ Մենք դրան չենք վերադառնա»։

XS
SM
MD
LG